Մշակույթ

Երաժշտությունն ամենաուժեղ կրոնն է. Շամբադալի գլխավորությամբ Երևանում կկայանա Սիգալի սայաթնովյան երգերի համաշխարհային պրեմիերան

6 րոպեի ընթերցում

Երաժշտությունն ամենաուժեղ կրոնն է. Շամբադալի գլխավորությամբ Երևանում կկայանա Սիգալի սայաթնովյան երգերի համաշխարհային պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Հայաստան ժամանած Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը տպավորված է մեր երկրով և պատմությամբ: Դիրիժորը խոստովանում է, որ ամեն օր բազում երկրներ այցելելով տարբեր լրագրողներից մշտապես ակնկալում է այն հարցը, թե ինչ տպավորություններ ունի նա իրենց երկրի մասին: Հայաստանն այդ երկրների մեջ արդեն որոշ առումով առանձնանում է: «Գիտեմ, որ դուք շատ յուրահատուկ պատմություն եք ունեցել, և այն հասարակ չի եղել: Կյանքն այնքան էլ հեշտ չի եղել ձեզ համար, բայց դուք այժմ խաղաղություն ունեք: Հայերը շատ լավ մարդիկ են: Հաճույքով քայլում եմ ձեր քաղաքի փողոցներով»,-«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշեց Լիոր Շամբադալը:

Նոյեմբերի 15-ին Շամբադալի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Շումանի և Վագների գործերը: Երեկոյի ընթացքում տեղի կունենա Աննա Սիգալի «Հոգու երգեր`ըստ Սայաթ-Նովայի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Հայ կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանի գործերը մշտապես կատարած Շամբադալը համոզված է, որ հայերս պետք է հպարտ լինենք ՀՊՖՆ-ի նման պրոֆեսիոնալ նվագախումբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի նման նվիրված դիրիժոր ունենալու համար:

Հարցին, թե Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը մոտակա ժամանակներում առանձին համերգով արդյոք կժամանի± Հայաստան, Լիոր Շամբադալը պատասխանեց. «Ուրախ կլինեի, որ մենք գայինք Հայաստան: Կառաջարկեմ նվագախմբին, բայց չգիտեմ` ով կվճարի մեր այցի համար, քանի որ այստեղ ժամանելը, մնալը և համերգ տալը շատ թանկ հաճույք է: Հավանաբար, ինչ-որ հովանավոր կկարողանա դա կազմակերպել, և այն կդառնա սքանչելի իրադարձություն»:

Դասական երաժշտության երկրպագուները Բեռլինում շատ հաճախ վայելում են բացօթյա համերգներ` Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Շամբադալը համոզված է, որ 10 հազար ունկնդիր հավաքող համերգները հիասքանչ մշակութային իրադարձություն են: Նման համերգների հատկապես շատ զբոսաշրջիկներն են մասնակցում, այդ թվում` նաև հայերը:

Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը համոզված է, որ այսօր ամբողջ աշխարհի երաժիշտների առջև ծառացած է ֆինանսական խնդիրը: «Երաժիշները երաժիշտ են ամբողջ աշխարհում: Մենք խոսում ենք միևնույն լեզվով: Սակայն երաժշտության և նվագախմբերի վիճակն ամբողջ աշխարհում սարսափելի է դարձել. գրեթե բոլոր երկրներում նվագախմբեր են փակվում: Ամբողջ աշխարհում, կարծես, պատերազմ է սկսվել երաժշտության դեմ: Այս խնդիրը ոչ միայն աղքատ, այլև մի շարք հարուստ երկրներում է առկա: Օրինակ` Գերմանիայի միավորումից հետո մեր երկրում փակվել է 90 նվագախումբ, դա իսկապես մեծ աղետ է : Բացի դրանից, շատ քաղաքական գործիչներ վախենում են արվեստից, որովհետև երաժշտությունն աշխարհի ամենաուժեղ կրոնն է: Տեսեք, ես Հայաստան եմ եկել, բայց հայերեն չգիտեմ, և դա այնքան էլ կարևոր չէ, միևնույն է, մենք կարող ենք երաժշտություն ստեղծել: Այլ երկրներում էլ է այդպես. երաժշտության լեզուն շատ ուժեղ է: Բայց գումարի խնդիրն, իհարկե, մեզնից անպակաս է: Օրինակ`մենք Բեռլինում դահլիճի համար ամեն անգամ վճարում ենք 20 հազար եվրո վարձ: Ես 10 տարի առաջ ավելի շատ գումար էի վաստակում տարբեր երկրներում հանդես գալով, քան` այսօր: Բայց դու միայն գումարի համար չէ, որ աշխատում ես, դու երաժշտություն ես ստեղծում: Իրավիճակը համեմատաբար կայուն է Չինաստանում և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, որտեղ շատ համերգասրահներ կան և լավ նվագախմբեր»,- ասաց Լիոր Շամբադալը:

«Մենք քիչ ենք ապրում` իմանալու համար, թե ինչ կլինի հետո: Մենք այսօր և հիմա ենք ապրում, կյանքը շարունակվում է»,- եզրափակեց Շամբադալը:

Լիոր Շամբադալը ծնվել է Թել Ավիվում, որտեղ և սովորել է ալտ, տրոմբոն, կոմպոզիցիա և դիրիժորություն:Լիոր Շամբադալը իբրև գեղարվեստական ղեկավար և հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Հարավային Ամերիկայում և այլուր: 1997-ից նա Berliner Symphoniker-ի Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, այդ նվագախմբի հետ հանդես է գալիս Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Իտալիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, այլուր: 2009-10 թթ-ին լինելով Բոգոտայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը` նա ելույթներ է ունեցել Չինաստանում և Իտալիայում: 2008-ից Շամբադալը Լիեպայայի (Լատվիա) սիմֆոնիկ նվագախմբի և Chengdu Symphony Օrchestra-ի (Չինաստան) գլխավոր հրավիրյալ դիրիժորն է: Նա մշտապես համագործակցում է Իտալիայի San Geminiփառատոնի հետ` միաժամանակ վարելով դիրիժորական դասընթացներ: Շամբադալը ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր, տասնյակ ռադիո և ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Տարբեր տարիներին նա գլխավորել էRTV Symphօny Օrchestra (Լյուբլյանա), Haifa Symphգny Օrchestra(Իսրայել) և այլ նվագախմբեր: Հանդիսանում է նաևMusica NգvaևMendelssօhn Players անսամբլների հիմնադիրը:

Շամբադալն իրականացրել է Ֆրանց Հումմելի «Ջեզուալդո» և Մագրեթ Վոլֆի «Կիրիսկ» օպերաների համաշխարհային պրեմիերաները:1993-2000 թթ-ին նա եղել է Կայզերսլաուտերնի (Գերմանիա)Pfalztheater-ի երաժշտական ղեկավարը` այստեղ վարելով ավելի քան 600 ներկայացում: Լիոր Շամբադալը վարպետության դասընթացներ է վարում բոլոր մայրցամաքներում:

Զրույցը վարեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում