1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է անցումային կառավարություն ստեղծելու մասին, որի կազմում ընդգրկվել են 12 նախարարներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմավորվող կառավարությունը անկուսակցական է, որը ղեկավարելու է Ահմադ Տաաման: Վերջինիս տեղակալ է նշանակվել Իյադ ալ Կադսին: Նշանակվել են նաև պաշտպանության, ֆինանսների և տնտեսության, մշակույթի, կրթության, ներքին գործերի և ընտանեկան հարցերի նախարարներ: Կոալիցիան դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ժամանակավոր կառավարության ղեկավար էր ընտրել Ահմադ Տաամային, ով պետք է զբաղվեր ընդդիմության գրաված տարածքների ղեկավարմամբ: Ընդդիմության տարբեր կողմերում այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել:
Կոալիցիան նման որոշում է կայացրել Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որի ընթացքում հաստատվել է «Ժնև-2» համաժողովին մասնակցելու առաջարկը:
Լուրեր են շրջանառվում, որ ժնևյան համաժողովը տեղի կունենա մինչև տարեվերջ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ կմասնակցի համաժողովին անցումային կառավարություն ստեղծելու պայմանով: