Երբ բլյուզը Հայաստան է գալիս, ուրույն ձև է ստանում. հայտնի բլյուզմեն Քենոնը երգ է գրել Հայաստանի մասին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանով և հայերով տպավորված` Չիկագոյից ժամանած հայտնի բլյուզմեն Տորոնզո Քենոնը երգ է գրել հատուկ հայերի համար: «Բլյուզ երաժշտության շաբաթ Հայաստանում» նախագծի հյուր հայտնի երաժիշտը Հայաստան է ժամանել երեք օր անըդմեջ բլյուզի տոն ստեղծելու և Չիկագոյի բլյուզային ավանդույթները մեր երկրում ներկայացնելու նպատակով: «Արմենպրես»-իթղթակցի հետ զրույցում Քենոնը պատմեց իր տպավորությունների, հիացմունքի, նորաստեղծ երգի և ձայնասկավառակի մասին, ինչպես նաև ներկայացրեց իր երաժշտական ծրագրերը:

- Պարոն Քենոն, Դուք առաջին անգամ եք Հայաստանում: Որտե՞ղ եք հասցրել լինել և ի՞նչ զգացողություններ ունեք:
- Ես սիրում եմ Հայաստանը, հատկապես Հայաստանի հարուստ պատմությունը: Մենք`ամերիկացիներս, հարուստ պատմություն չունենք: Չիկագոն ընդամենը 150 տարի է, ինչ գոյություն ունի: Հիացած եմ ձեր հուշարձաններով և գեղեցիկ եկեղեցիներով: Տեսել եմ Գառնիի հեթանոսական տաճարը, բազմաթիվ եկեղեցիներ, համտեսել եմ հայկական ճաշատեսակները և պարզապես քայլել փողոցներով`վայելելով ամեն հայկականը:
- Հայաստան ժամանող օտարերկրացի հյուրերից շատերն են հիանում հայկական հյուրընկալությամբ:
-Այո, ես շատ հուզված եմ և լավ եմ ինձ զգում ձեզ մոտ: Մարդիկ այստեղ ինձ չեն դիտարկում որպես վտանգավոր անձ: Ես ուղղակի քայլում եմ, և մարդիկ հետաքրքրվում են ինձնով, որովհետև ես ԱՄՆ-ից եմ: Ես չեմ զգում, որ ինչ-որ ուրիշ երկրում եմ`ԱՄՆ-ից դուրս, չնայած իսկապես այդպես է: Բայց ինձ այստեղ շատ լավ են ընդունում:

- Ճիշտ է, բլյուզ երաժշտության շաբաթը դեռ չի ավարտվել, այնուամենայնիվ, ի՞նչ տպավորություններ ունեք նախաձեռնությունից:
- Ես այս շաբաթվա ընթացքում հանդիպեցի նոր ընկերների, ում հետ փորձեցինք կառուցել կամուրջ Չիկագոյի և հայկական բլյուզների միջև: Երբ բլյուզը Հայաստան է գալիս, ուրույն ձև է ստանում՝ խառնվելով հայկական հոգու հետ: Բլյուզը յուրօրինակ լեզու է և գտնում է իր արտահայտությունն ամենուր:
- Բլյուզի շաբաթ նախագծի շրջանակներում նոյեմբերի 8-ին Սունդուկյանի անվան թատրոնում Դուք հանդես կգաք մենահամերգով:

- Այո, անհամբերությամբ եմ սպասում այդ համերգին: Ես պարզապես ցանկանում եմ հայերին ցույց տալ Չիկագոյի բլյուզը:
- Պատմում են, որ Հայաստանին և հայերին նվիրված երգ եք պատրաստել: Ինչպե՞ս ծնվեց այդ երգը:
- Նախկինում ես ոչինչ չգիտեի Հայաստանի պատմության մասին , որովհետև մեզ ԱՄՆ-ում այն չեն սովորեցնում: Երբ իմացա ձեր պատմությունը, ոգեշնչվեցի և որոշեցի գրել մի երգ, թե ինչպես են հայ զինվորները, իրենց կյանքում հանդիպելով ամեն ինչի, փորձում այնպես անել, որ լույս վառվի: Նրանք հավատում են այն ամենին, ինչ կա: Բացի երգից, այստեղ նաև կներկայացնեմ իմ նոր՝ John The Conquer Root ձայնասկավառակը;

- Ինչպե՞ս սիրեցիք բլյուզը:
- Իմ կյանքում դա փոքր-ինչ ուշ տեղի ունեցավ: Ես երկար ժամանակ բասկետբոլ էի խաղում, և հանկարծ այնպես ստացվեց, որ այլևս չէի կարող բասկետբոլով զբաղվել, և սկսեցի կիթառ նվագել: Իմ ապուպապերն ու պապերը բլյուզ էին նվագում: Երբ փոքր էի, մեր տանը միշտ նման երաժշտություն էր հնչում: Ես չգիտեի`ինչ կա ներսումս, մինչև չմեծացա:
- Դե, բնական է, չէ՞ որ Չիկագոն բլյուզ երաժշտության սիրտն է:
-Այո, այդպես է: ԱՄՆ-ում բլյուզի տարբեր տեսակներ կան: Տարբեր ձայներ են հնչում: Իսկ Չիկագոյի բլյուզը մի տեսակ այնպիսի հնչեղություն ունի, որից չես կարող կշտանալ:

- Բլյուզից բացի որևէ այլ երաժշտական ոճի ստեղծագործություններ լսո՞ւմ եք:
- R'n'B եմ լսում. երբեմն ունկնդրում եմ Ռիհաննայի կամ Լեդի Գագայի ստեղծագործությունները, երբ գրավում է երաժշտության ռիթմը: Որպես երաժիշտ`սիրում եմ տարբեր ռիթմեր լսել: Գուցե հենց այդ ռիթմը կարողանամ բլյուզի համար օգտագործել:
- Երևանյան համերգից հետո ի՞նչ այլ ծրագրեր ունեք:
-Պատրաստվում եմ ամբողջ մեկ տարի շրջագայել ԱՄՆ-ի քաղաքներով և ներկայանալ մի շարք համերգներով:
Տորոնզո Քենոնը Չիկագոյի հայտնի բլյուզմեններից է: Նա բլյուզի փառատոների հաճախակի հյուր է: Առաջին անգամ Տորոնզոն բլյուզ է լսել վաղ տարիքում: Կիթառն իր ձեռքն է վերցրել պատանի հասակում և, բլյուզի արքաների գործերով ոգեշնված, սկսել է ստեղծագործել: Իր գործերում նա մշտապես ձգտում է կրկնօրինակել Chicago blues-ի ոճի կատարումները: Ինքն իրեն Քենոնը բնորոշում է որպես ժամանակակից բլյուզ կատարող, ով հարգանքով է վերաբերվում Chicago blues-ի ավանդույթներին` փորձելով իր կատարումներում ինչ-որ նոր երանգներ ավելացնել:Այս տարի երաժիշտը թողարկել է իր նոր John The Conquer Root ձայնասկավառակը:
Բլյուզի շաբաթը Mezzo Production ընկերության նախաձեռնություններից մեկն է:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը
Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի