Հայաստանն ու Իրաքը քննարկում են Երևան-Բաղդադ ուղիղ չվերթի իրականացման հարցը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-իրաքյան առևտրատնտեսական կապերի զարգացման համար կարևոր է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցման ձևավորումը և Երևան-Բաղդադ չվերթների իրականացումը։ Հայ-իրաքյան համատեղ ֆորումի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ վերջին տարիների առևտրաշրջանառության մակարդակը ոգևորիչ է և հույս է ներշնչում կապերի հետագա ամրապնդման համար։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Իրաքի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելուն և երկու ժողովուրդների համար նպաստավոր բիզնես պայմաններ ստեղծելուն։ Իրաքցի հյուրերի հետ արդեն քննարկել ենք առկա խնդիրները և մատնանշել այն ուղիները, որ նպաստելու են առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Վերջին տարիներին կատարված աշխատանքներն արդեն տալիս են առաջին պտուղները։ Առևտրաշրջանառության աճող ցուցանիշը վկայում է դրա մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գևորգյանը։
Փոխվարչապետը նշեց այն խնդիրները, որ հարկավոր է լուծել մոտակա տարիներին։ «Նախ և առաջ կարգավորման կարիք ունի իրավապայմանագրային դաշտը։ Եթե չկա երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական դաշտ, ապա դժվար է համագործակցության խորացումը։ Նախորդ տարի Բաղդադում ստորագրվեց Ներդրումների խթանման համաձայնագիրը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և ենթակա է վավերացման։ Երկրորդ փաստաթուղթը հարկային համաձայնագիրն է, որը, հույս ունենք, շուտով ի ծառայության դնել գործարար շրջանակներին։ Երրորդ խնդիրը երկու երկրների միջև տրանսպորտային սխեմաների ձևավորումն է, որ թույլ կտա առևտրաշրջանառություն իրականացնել։ Առանձնահատուկ նշանակություն ունի օդային հաղորդակցության հաստատումը։ Հուսով եմ, որ շուտով կարձանագրենք օդային կապ երկու երկրների միջև»,- ասաց Գևորգյանը։
Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ, Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսը ևս կարևորեց Երևան-Բաղդադ ուղիղ չվերթների իրականացումը։ «Մեր երկների տնտեսական հարաբերություններն արագորեն աճ են արձանագրում, և ժամանակն է մտածել տրանսպորտային ուղիղ հաղորդակցության մասին։ Արդյունաբերական հարաբերություններն արդեն հաստատվեել են Բաղդադում ստորագրված համաձայնագրով։ Բացվել են երկու երկրների դեսպանությունները։ Այժմ անհրաժեշտ է ապահովել արագ «երթևեկություն» երկու երկրների միջև։ Դա պետք է կյանք տա մեր տնտեսական ծրագրերին։ Իրաքը, վերակառուցելով իր տնտեսությունը, կարիք ունի բարեկամների, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց Շաուեյսը։
Հայ-իրաքյան ցուցահանդեսին և ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 120 գործարար և պաշտոնյա։ «Երևան էքսպո» կենտրոնում բացված ցուցահանդեսին նրանք ծանոթացել են հայկական արտահանվող ապրանքներին, իսկ համաժողովի ժամանակ հայ գործարարների հետ քննարկել են համագործակցության հարցերը։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
2011թ. հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվորեն զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին Բաղդադում։