Մշակույթ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները

2 րոպեի ընթերցում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները

Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման, պահպանության պայմաններն ապահովելու և անվտանգության բարձրացման մի շարք միջոցառումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Թանգարանի և հարակից տարածքների պատշաճ պահպանությունն ապահովելու նպատակով լայնածավալ սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվել, որոնց շնորհիվ տարածքից հեռացվել է շուրջ 20 բեռնատար ծավալով կուտակված աղբ և թափոն։

Հիմնորոգվել է թանգարանի շենքի շուրջ 750 քմ մակերեսով տանիքը, վերանորոգվել է 150 քմ մակերեսով ներքին բակը։ Մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, ինչպես նաև մասնակի վերականգնվել է ոռոգման համակարգը։

Թանգարանի երկրորդ հարկը հիմնանորոգվել է, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր՝ բարելավելով աշխատանքային, այցելուների սպասարկման և անվտանգության պայմանները։

Նորոգվել է նաև թանգարանի ետնամասում գտնվող արհեստական պեղավայրը, որն օգտագործվում է կրթական ծրագրեր և ամառային դպրոցներ կազմակերպելու համար։ Ամբողջությամբ նորոգվել են նաև թանգարանին պատկանող երկու անսարք փոխադրամիջոցները ։

Բարեկարգման միջոցառումների ընթացքում ուշադրություն է դարձվել նաև կանաչ տարածքներին. թանգարանի տարածքում տնկվել է 100 իտալական նոճի։ Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը նախատեսվում է փոխարինել նոր ծառատեսակներով։

Վերը նշվածի նպատակն է բարելավել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պահպանության պայմանները, բարեկարգել տարածքն ու այցելուների համար ստեղծել առավել հարմարավետ և անվտանգ միջավայր։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում