Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հանգամանքը բավականին վերջերս է դարձել իրատեսական՝ պայմանավորված վերականգնվող՝ մասնավորապես արևային էներգետիկայի զարգացման հանգամանքով։
«Հայաստանի Հանրապետությունը արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այս ռեսուրսը զարգացրել ենք։ 2018 թվականի 16 մեգավատի դիմաց այսօր ունենք 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ և հիմա այս գործընթացի հետագա զարգացումն ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը ՀՀ-ում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկն արտադրված արևային էներգիան, գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ պլանավորվում է մինչև 2031 թվականը առնվազն 800 մեգավատ կուտակիչ կայան ունենալ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է գործող ատոմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը։
«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է և, ի դեպ, ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ»,-ասաց նա՝ հավելելով, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան, որ 2036 թվականից հետո ևս մեկ անգամ երկարացվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը։
«Մենք բանակցություն ենք վարում հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում, իհարկե, կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ գործակցությամբ և համագործակցությամբ»,-ասաց նա: