Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին
2 րոպեի ընթերցում

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ մանրամասնելով, որ ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։
«Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։
Ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։ Արդյունքում նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի հեշտ են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։
Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին»,- գրել է Ավինյանը։