ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի չորս կանանց վրա հարձակում գործած Մուրադ Նազարյանի դատավարության նոր նիստի ժամանակ կասկածյալը հայտարարել է, որ իրեն հանցագործության են դրդել երեք անհայտ անձինք: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը:
Նազարյանը հայտնել է, որ երեք անհայտ անձինք, որոնց ֆիզիկական տվյալները չի կարողանում հիշել, սպառնացել են սպանել իրեն և իր բարեկամներին, ինչից հետո տարել են նրան տուժածների տան մոտ: Այնուհետև հենց իրենք են դանակահարել հայազգի Մարիցա Քյուչյուքին: «Նրանք զենք էլ ունեին: Այն բանից հետո, ինչ մի անգամ դանակահարեցին Քյուչյուքին, ես փախա: Նախքան այդ, կտրել էին մատս և արյունս կաթեցրել մի փաստաթղթի վրա: Եթե տեսնեմ այդ անձանց նկարը, կճանաչեմ: Քանի որ ոստիկանական բաժանմունքում հոգեբանական ճնշման տակ էի, վախեցա և այս ամենը չկարողացա պատմել»,- ասել է Նազարյանը: Նա հայտնել է, որ բանտում իրեն անվտանգ չի զգում և անգամ չի կարողանում քնել:
Ավելի վաղ հանցագործության հետաքննությանը մասնակից իրավապահները հայտնել էին, որ սպանված Մարիցա Քյուչյուքի տնից վերցված արյան փորձանմուշում այլ կնոջ ԴՆԹ է հայտնաբերվել: Այդ մասին զեկույցն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարան, որտեղ քննվում է այդ գործը:
Քյուչյուք ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը քննության հենց սկզբից կասկած էր հայտնել, որ այդ սպանությունն ու հարձակումներն իրագործողը մեկ մարդ չէ: «Սպանությունը կատարվել էր ոչ գողության նպատակով: Սպանության առանձնակի դաժանությունն ու այն, որ Մարիցա Քյուչյուքին այնքան էին ծեծել, որ նրա մարմնում ոչ մի չկոտրված ոսկոր չկար, կասկածանքի տեղիք է տալիս, որ դա կատարվել է ատելության հողի վրա: Այս բացահայտումը, որ սպանությանը եւս մեկ անձ է մասնակցել, ավելացնում է մեր կասկածները»,- ասել է Էրեն Քեսքինը:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տնից ոչինչ չէր գողացվել: Հանցագործը կամ հանցագործները տարեց չորս հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012թ.-ի դեկտեմբերի 27-ին` Թուրվանդա Ա-ի վրա: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան, տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո` 2013թ.-ի հունվարի 22-ին, ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան ծեծի ենթարկել: Փողոցում հարձակվել եւ փորձել են առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ:
Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հարցաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է գործել: