Քաղաքականություն

Ավստրալիայի նոր կառավարության կազմում շատ են Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչները

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի նոր կառավարության կազմում շատ են Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի նորընտիր վարչապետ, լեյբորիստական կուսակցության առաջնորդ Թոնի Աբոթը և նրա կառավարության երեք ամենաազդեցիկ նախարարները, դեռևս ընդդիմություն եղած ժամանակ իրենց հրապարակային ելույթներում և հայտարարություններում ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Ավստրալիայի 28-րդ վարչապետը վերջերս է հանրության ուշադրությանը ներկայացրել իր կառավարության կազմը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, երկրի հայ համայնքն ուրախությամբ է փաստում, որ Ավստրալիայի նոր կառավարության անդամների առնվազն 20 տոկոսը վերջին շրջանում հրապարակային ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

Ավստրալիայի նորանշանակ ֆինանսների նախարար Ջո Հոկին, ով հայկական ծագում ունի, բազմիցս կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2005թ-ին նա այցելել է Հայաստան, ծաղիկ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հաղորդակցության նախարար Մալքոլմ Թըրնբոլը 2011թ-ին ազդեցիկ ելույթ է ունեցել Ավստրալիայի խորհրդարանում` կոչ անելով ճանաչել Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների և ասորիների ջարդերը` որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:

Միգրացիայի և սահմանային պաշտպանության հարցերով նախարար Սքոթ Մորիսոնը 2011թ-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը:

Ամեն ապրիլի 24-ին դեռևս ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ Թոնի Աբոթը հայտարարություն է տարածում` հիշատակելով Հայոց ցեղասպանության փաստը:

Այս առիթով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նշել է, որ Ավստրալիայի նոր դաշնային կառավարության ձևավորման արդյունքում առաջին անգամ է, որ կառավարության կազմում են Հայոց ցեղասպանությունը ճանաչած այսքան շատ գործիչներ:«Մենք կաշխատենք ներկայիս կառավարության հետ, որ Ավստրալիան ևս իր ձայնն ավելացնի պատմության այս սև էջի ճանաչման գործընթացում»,- ասել է Ղահրամանյանը:

Ակնկալվում է, որ Հայ դատի մեկ այլ աջակից` Բրոնուին Բիշոփը, կընտրվի Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում