Հարցազրույց

Հայաստանի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտները գրավիչ են քուվեյթցի գործարարների համար. դեսպան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտները գրավիչ են քուվեյթցի գործարարների համար. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան-Քուվեյթ կապերի ամրապնդման գործում իր ուրույն տեղն ունի Քուվեյթի հայ համայնքը: «Արմենպրես»-ը ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ զրուցել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, տնտեսական հարաբերությունների և Քուվեյթի ներքին կյանքում տեղի հայ համայնքի դերակատարման մասին:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Քուվեյթ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

-Շատ լավ հարաբերություններ են ձևավորվել: Դրա վկայություն է վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Էդուարդ Նալբանդյանի այցը Քուվեյթ, ինչպես նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանի այցը, և ի վերջո Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի այցելությունը Հայաստան: Երկու երկրների միջև համատեղ աշխատելու տեղ կա, որն իրականացվում է: Գործում է կառավարական հանձնախումբ, որը պատասխանատու է քաղաքական, տնտեսական, առողջապահական, զբոսաշրջային և այլ ոլորտների համագործակցության համար:

-Ապագայում սպասվո՞ւմ են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցեր:

-Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, Աստված տա հաջողվեն այդ այցելությունները: Մենք որոշում ենք ճիշտ ժամանակը և ճիշտ օրը: Շատ հոգատարությամբ աշխատում ենք դրանք կազմակերպելու ուղղությամբ և հույս ունենք, որ լավ արդյունք կբերեն:

-Անդրադարձ կատարենք տնտեսական հարաբերություններին, որոնք այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն: Քայլեր կատարվո՞ւմ են տնտեսական ամուր կապերի ստեղծման և ամրապնդման ուղղությամբ:

-Երկու երկրների միջև պայմանագիր կնքվեց` պաշտպանել Հայաստանի և Քուվեյթի գործարարների ներդրումները, ազատել նրանց կրկնակի տուրքերից: Քուվեյթի դեսպանատունը Հայաստանում մեկուկես տարի է, ինչ գործում է, պետական փաստաթղթերն ու գործընթացները ժամանակատար են: Մենք ցանկություն ունենք, որ ավելի ընդլայնվի համագործակցությունը, որ քուվեյթական ներդրումներ տեսնենք Հայաստանում: Աշխատում ենք նաև աշխատակազմի ստեղծման ուղղությամբ, որ կզբաղվի նրանով, որ քուվեյթցիները գան Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանան այստեղի պայմաններին:Դժբախտաբար, երկու երկրների միջև ուղիղ չվերթի բացակայությունը արգելք է հանդիսանում, որ գործարարները հաճախ գան Հայաստան: Մենք ցանկանում ենք, որ ուղիղ թռիչք լինի` անկախ նրանից դա կիրականացնեն հայկակա՞ն, թե քուվեյթական ավիափոխադրողները: Գիտենք, որ Հայաստանում ազգային ավիափոխադրողի ընտրության աշխատանքներ են տարվում, մենք քաջալերում ենք այդ գործընթացը:

-Տնտեսության ո՞ր ոլորտները կարող են գրավիչ լինել քուվեյթցի գործարարների համար:

-Գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության: Շատ գեղեցիկ զբոսաշրջային վայրեր կան Հայաստանում: Այստեղ ենթակառուցվածքների զարգացման կարիք կա, այդ նպատակով ներդրումները մեր կողմից քաջալերվում են: Հայաստանը կարող է քուվեյթցիների համար գրավիչ երկիր լինել, մանավանդ, որ Քուվեյթը շատ մոտ է Հայաստանին, ընդամենը 2 ժամվա ճանապարհ է օդանավով:

-Քուվեյթում կա հայկական համայնք, ի՞նչ դերակատարում ունի այն Քուվեյթի ներքին կյանքում:

-Շատ կարևոր և մեծ դերակատարում ունի քուվեյթի հայկակական համայնքը երկրի ներսում, և դա մեծ պատիվ է մեզ համար: Հայկական համայնքը շատ խաղաղասեր է ու շատ լավ աշխատում է: Ուրախ ենք, որ արդեն հիսուն տարի Քուվեյթում ապրող հայերի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել: Նրանք աշխատում են քուվեյթական շուկայում, շատ բարի ու լավ համբավ ունեն: Իրենք մասնագետ են մի շարք ոլորտներում, հատկապես, ավտոշինարարության արհեստում:Մենք ուրախ ենք, որ այդքան բարձր մակարդակ ունի հայ համայնքը: Դա օգնում է պետություններին ավելի սերտ կապեր հաստատել:

Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսին:Հայաստանում Քուվեյթի դեսպանատունը բացվել է 2011 թվականին: Երկու պետությունների իրավապայմանագրային դաշտը կազմում են ավելի 15 15 համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր,գործնական ծրագրեր:Հայաստան-Քուվեյթ առևտրաշրջանառությունը 2012թ. կազմել է 482.5 հազ. ԱՄՆ դոլլար, որից 314.4 հազ. ԱՄՆ դոլլարը` արտահանում, 168.1 հազ. ԱՄՆ դոլլարը` ներմուծում: 2013թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում Հայաստանից Քուվեյթ արտահանումը կազմել է 2.2 հազ., ներմուծումը` 49.1 հազ. ԱՄՆ դոլլար:

Զրուցեց Անի Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում