«Էրեբունի» արգելոց-թանգարանն առաջինն է միացել Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` օգոստոսի 30-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն, մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին են փոխանցել Հռոմի ոգին և պատմական միջավայրը: Եվրոպայի այցեքարտ համարվող «հավերժական քաղաք Հռոմի» 40 տեսարաններ մինչև հոկտեմբերի վերջը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է: Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»:

Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հույս է հայտնել, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը: Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրել է, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են:

Ցուցահանդեսն առաջինը դիտելու պատիվ են ունեցել նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ: «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:

«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո 2013թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

Հայերեն English

Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր