Մշակույթ

Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

4 րոպեի ընթերցում

Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան, որը բացառիկ իրադարձություն է տարածաշրջանում, այս անգամ Երևանում կանցկացվի հունիսի 23-28-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  2024-ին սկիզբ առած նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորի Վասիլի Պետրենկոյին և երիտասարդ տաղանդներին:

Ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

«Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կարևոր դերն ու ռազմավարական նշանակությունը համաշխարհային մշակութային քարտեզի վրա: Դառնալով միջազգային կարգի երաժշտական հարթակ՝ Երևանն այսօր դիրքավորվում է որպես արևմտյան և արևելյան կատարողական արվեստի ավանդույթների խաչմերուկ, որտեղ համաշխարհային մեծության վարպետներն ու ապագա աստղերը հանդիպում են ստեղծագործական երկխոսության համար: Նման մասշտաբի ակադեմիայի անցկացումը Հայաստանը ներկայացնում է որպես դասական երաժշտության համաշխարհային կարևորագույն կենտրոններից մեկը, որն ընդունակ է ձևավորելու երաժշտական արվեստի վաղվա օրակարգը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տարի նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 60 դիրիժոր՝ աշխարհի 22 երկրից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել է միայն 6-ը: 2026-ի հունիսի 23-28-ը ակադեմիան կհյուրընկալի ընտրված մասնակիցներին Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Լեհաստանից և Ռուսաստանից: Նրանք հնարավորություն կունենան անհատական փորձեր անցկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» խորագրով սեմինարին: Թե՛ փորձերը, թե՛ սեմինարը կվարի անձամբ մաեստրո Պետրենկոն:

Դասընթացները կեզրափակվեն հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք գալա համերգով։ Ակադեմիայի դիրիժորների ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Վեբերի և Պրոկոֆևի գլուխգործոցները: Գալա համերգի մուտքն ազատ է։

Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի և հնարավորությունների ընձեռման միջոց է: Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձրագույն արվեստը մնում է այն հզոր ուժը, որը միավորում է մարդկանց և կրթում նոր՝ լուսավոր սերունդ»:

Վասիլի Պետրենկոն Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է 2021 թվականից: 15 տարի լինելով Լիվերփուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ վերջինիս դափնեկիր դիրիժորն է: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի, Գլայնդեբուրնի փառատոններում: Պետրենկոյի երկացանկում ներառված են շուրջ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի, Նիդեռլանդների ազգային, Միխաիլովյան և այլ օպերային թատրոններում:

Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է առել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում