Մշակույթ

«Էրեբունի» արգելոց-թանգարանն առաջինն է միացել Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

4 րոպեի ընթերցում

«Էրեբունի» արգելոց-թանգարանն առաջինն է միացել Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` օգոստոսի 30-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն, մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին են փոխանցել Հռոմի ոգին և պատմական միջավայրը: Եվրոպայի այցեքարտ համարվող «հավերժական քաղաք Հռոմի» 40 տեսարաններ մինչև հոկտեմբերի վերջը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է: Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»:

Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հույս է հայտնել, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը: Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրել է, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են:

Ցուցահանդեսն առաջինը դիտելու պատիվ են ունեցել նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ: «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:

«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո 2013թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում