Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության բաժին է տարվել շուրջ 17 քաղաքացի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժին են տարվել շուրջ 17 քաղաքացիներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Արաբկիրի բաժնում հավաքվել են ավելի քան 30 քաղաքացիներ և պահանջում են իրենց համաքաղաքացիների ազատությունը: «Այս պահին մեզ հորդորում են հեռանալ տարածքից, սակայն մենք պահանջում ենք ազատ արձակել մեր ընկերներին»,-ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա հաղորդեց նաև, որ Կոմիտաս 5 հասցեում միջադեպն ավարտվել է և վերականգնվել է երթևեկությունը: Այն ողջ օրվա ընթացքում դադարեցվել է շուրջ մեկ ժամ: «Մենք հեռացանք փողոցից, քանի որ տեղեկացանք, որ ոստիկանության հատուկ ջոկատ է գալիս: Հորդորեցինք մարդկանց հեռանալ և ազատել տարածքը, որպեսզի ավելորդ լարվածություն և վտանգ չառաջացնենք: Այնուհետև մեզ հաջողվեց ազատել մի քանի բերման ենթարկվածների»,- նշեց նա:
Խզմալյանը տեղեկացրեց, որ Կոմիտաս 3, 5 և 7 հասցեներում գտնվող բնակելի շենքերից 2-5 մետր հեռավորության վրա նոր 10-հարկանի շենքեր են ուզում կառուցել: Շենքի բնակիչները բողոքել են, և 3 տարի առաջ դատարանով կանխվել է այդ փործը: Սակայն մի քանի օր առաջ կտրուկ սրվել է իրավիճակը, քանի որ շինարարությունը վերսկսվել է:
Օգոստոսի 21-ին Երևանի Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին խոչընդոտելու համար ռեժիսոր Տիգրան Խզմալյանը վարչական բերման էր ենթարկվել: Նրա նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման արձանագրություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն: Արձանագրությունը կազմելուն պես Խզմալյանն ազատ է արձակվել: