«Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է բռնության ցանկացած կոչ. Իվետա Տոնոյանը` վարչապետի հասցեին սպառնալիք պարունակող տեսանյութի մասին
3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանք պարունակող տեսանյութին։
«Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նման երևույթներն անընդունելի են։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահ համակարգը, ցանկության դեպքում, դա կարող է անել, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու գործիքակազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Տոնոյանը։
Նա նշել է, որ բացահայտումը կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։
«Միևնույն ժամանակ համոզված ենք, որ որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից։
Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և պատասխանատու հանրային խոսույթ»,-նշված է գրառման մեջ:
Համացանցում մայիսի 18-ին տեսանյութ էր տարածվել, որում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսանյութին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։