Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում արձագանքել է այլ երկրի քաղաքացի լինելու մասին հրապարակումներին
4 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հերքել է իր՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին լուրերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Կարապետյանը թեմային անդրադարձել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում լրագրողներին տված ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին սոցիալական ցանցերում ՌԴ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մի փաստաթուղթ էր տարածվում, որից երևում է, որ Նարեկ Կարապետյանը առնվազն մինչև 2020 թվականը ՌԴ քաղաքացի է եղել։ Քննչական կոմիտեն այդ փաստաթղթի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը): Հայաստանի օրենսդրության համաձայն՝ այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու, իսկ Նարեկ Կարապետյանը գլխավորում է իրենց դաշինքի նախընտրական ցուցակը։
«Ես, բացի Հայաստանից, որևէ այլ երկրի քաղաքացի չեմ հանդիսանում։ Եթե քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, իրենց դեմ դատական հայց ենք ներկայացնելու»,-ասել է Կարապետյանը։
Նա չի հերքել, որ տարբեր երկրներում ընկերությունների սեփականատեր է, սակայն երբեք չի ցանկացել որևէ այլ երկրի քաղաքացի լինել։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում եղել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, շրջել են վարչական շրջանի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը, բաժանել քարոզչական թռուցիկներ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։
Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։