Մարզային

Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքներն ակտիվացնում են համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքներն ակտիվացնում են համագործակցությունը

ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով օգոստոսի 22-27-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում է Լեհաստանի Հանրապետության Բրոդնիցա քաղաքի պատվիրակությունը, որը գլխավորում է Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչը: Լեհական պատվիրակության առաջին կանգառն օգոսոտոսի 22-ին եղել է Սեւան քաղաքը, որի հետ բարեկամության եւ համագործակցության հուշագիր է ստորագրել Բրոդնիցա քաղաքը: Օգոստոսի 23-ին Բրոդնիցայի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին` Գեղրաքունիքի մարզպետը նշեց, որ հայ-լեհական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը ներկա սերունդները պարտավոր են պահպանել ու խորացնել: Մարզպետը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի տնտեսության եւ համայնքների ընդհանուր նկարագիրը, տնտեսության զարգացման հեռանկարները, գրավչությունները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգը:

Իր հերթին Բրոդնիցայի քաղաքապետը ներկայացրեց Բրոդնիցայի տնտեսությունը, քաղաքական եւ տնտեսական արտաքին համագործակցության ընդգրկուն շրջանակը, կառավարման համակարգը: Ռադաչը շեշտեց, որ իրենց համար արտաքին հերթական համագործակցությունը Սեւան քաղաքի հետ կարող է լինել ավելի գործնական, բարեկամական ու շարունակական: Նա պաշտոնական այցով Բրոդնիցա հրավիրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ինչը եւ մարզպետը սիրով ընդունեց:

« Հայաստանի օրենսդական դաշտը բավական նպաստավոր է ներդրումների համար, իսկ մեր մարզը ներդրումների համապատասխան տեղ եւ կարիք ունի, ուստի հրավիրում եմ Բրոդնիցա քաղաքի գործարարներին համապատասխան փոխշահավետ ներդրումներ կատարելու մարզի տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Նրանք առանց մտավախության կարող են Գեղարքունիքում հիմնել եւ կառավարել իրենց բիզնեսը»,- առաջարկեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին եւ Բրոդնիցա քաղաքի քաղաքապետ Յարոսլավ Ռադաչին հորդորեց ավելի զարգացնել ու խորացնել ստեղծված կապերը եւ դրանք մարդկային հարաբերությունների դաշտից տեղափոխել գործնական շփումների դաշտ:

Հանդիպման ավարտից հետո Բրոդնիցայի պատվիրակությունը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելեց Նորատուսի Խաչքարեր եւ Հայրավանք, իսկ Չկալովկա գյուղում ծանոթացավ ժամանակակից հայ գյուղի կենցաղին եւ հայկական խոհանոցին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում