Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության պատգամ է հղել Սուրբ Զատկի տոնի առթիվ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ընտրվելուց հետո առաջին հուզառատ պատգամն է հղել աշխարհին Զուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից Ֆրանցիսկոս պապը Urbi et Orbi (Քաղաք եւ աշխարհ) պատգամով խաղաղություն է խնդրել Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ համայն աշխարհի համար: Կաթոլիկների հովվապետն իր պատգամը սկսել է ամենապարզ բառերով` «Շնորհավոր Սուրբ Զատիկ», ապա նշել է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Ինչ ուրախություն է ինձ համար հայտարարել այս մասին... Ես կցանկանայի, որ այն դուրս գա յուրաքանչյուր տուն եւ յուրաքանչյուր ընտանիք, հատկապես այնտեղ, որտեղտառապանքն ամենամեծն է` հիվանդանոցներ, բանտեր»:
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր պատգամում առանձնացրել է Սիրիան` նշելով. «Սիրելի Սիրիա: Որքան շատ արյուն թափվեց: Եվ որքան տառապանք դեռ պետք է լինի, մինչեւ քաղաքական որոշումը գտնվի»:
Հռոմի պապը խախաղության կոչ է արելՄերձավոր Արեւելքում, մասնավորապես` իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ, ովքեր պայքարում են ճանապարհ գտնել համաձայնության համար: Պապը նշել է, որ նրանք կարող են խիզախորեն վերսկսել բանակցությունները` երկար ժամանակ ընթացող հակամրտությունը լուծելու համար:
«Խաղաղություն Իրաքին, որ ավարտվի յուրաքանչյուր բռնարարք, եւ սիրելի Սիրիային, որի ժողովուրդը պառակտված էհակամարտությայն պատճառով, եւ բազմաթիվ փախստականների սպասում են օգնության եւ մխիթարության»:
Աֆրիկյան պետություններից Պապն անդրադարձել է Մալիին, Նիգերիային, Կոնգոյին եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը` խաղաղության կոչ անելով:
«Խաղաղություն Ասիայում, եւ առաջին հերթին`Կորեական թերակղզում: Թող բոլոր տարաձայնությունները հաղթահարվեն, եւ նորացվի հաշտեցման ոգին»:
Ֆրանցիսկոս պապն իր ելույթն եզրափակել է. «Խաղաղություն ամբողջ աշխարհին, որը պառակտվում է ագահության եւ եսասիրության պատճառով: Դրանք սպառնում են մարդու կյանքին եւ ընտանիքին, եսասիրություն, որ շարունակվում է մարդկանց թրաֆիկինգի ճանապարհով, որը 21-րդ դարի ամենատարածված ստրկության ձեւն է աշխարհում:
Պատարագը մատուցելուց հետո, Հռոմի պապը շնորհավորել է բոլոր կարդինալներին և մեքենայով անցել Սուրբ Պետրոսի հրապարակով, ողջունել շուրջ 250 հազար հավատացյալի։ Ավտոմեքենան մի քանի անգամ կանգ է առել՝ թույլ տալով պոնտիֆիկոսին գրկել և համբուրել հաշմանդամներին և երեխաներին։
Լույս մարտի 31-ի գիշերը Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել։ Նա տաճար է մտել մեծ մոմով, որից իրենց մոմերն են վառել կարդինալները, արդյունքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարը լուսավորվել է։
Այնուհետ Պապը մասնակցել է 4 քրիստոնյայի՝ ռուս, իտալացի, ալբանացի և ամերիկացի, կնքման արարողությանը։
Սուրբ Զատիկը քրիստոնեական օրացույցում ամենակարեւոր տոնն է: Ամբողջ աշխարհում ուխտավորներն այս օրը եկեղեցի են այցելում:
Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: