Միջազգային

180 երկրների պատվիրակություններ կժամանեն Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը

2 րոպեի ընթերցում

180 երկրների պատվիրակություններ կժամանեն Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը, որը մարտի 19-ին տեղի կունենա Վատիկանում, երբ կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է KAI գործակալությունը՝ հղում անելով տարբեր երկրների պաշտոնական աղբյուրների:

Վատիկանում կայանալիք արարողությանն իրենց մասնակցության մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը, Իսպանիայի Սոֆյա թագուհին եւ գահաժառանգ արքայազն Ֆելիպեն, ինչպես նաեւ Բելգիայի թագավորական զույգը՝ Ալբերտ Երկրորդը եւ Պաոլան:

ԱՄՆ-ն ներկայացնելու է երկրի փոխնախագահ Ջո Բայդենը, Արգենտինան՝ նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները, Բրազիլիան՝ նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մեքսիկան՝ նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն: Իրենց ներկայությունն արդեն հաստատել են Գերմանիայի նախագահ Յոահին Գաուկը եւ կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Առայժմ հայտնի չէ՝ Վատիկան կժամանի արդյոք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, թե երկիրը կներկայացնի վարչապետ Ժան Մարկ Էյրոն:

Հռոմի պապի գահակալման արարողությանը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Սուրբ աթոռը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում աշխարհի 179 երկրների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում