Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել Է այցելել Հայաստան

4 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել Է այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 12-ին կայացած հանդիպմանը նրան հրավիրել Է այցելել Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական էջը, ՌԴ նախագահի մերձմոսկովյան նստավայրում կայացած երկկողմ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հիշեցրել Է, որ Ռուսաստան իր այցն առաջին արտասահմանյան ուղեւորությունն Է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո: «Այն, որ առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարվում Է հենց Մոսկվա, օրինաչափ Է: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն Է, մեր դաշնակիցը, եւ դրանով ամեն ինչ ասված Է»,-նշել Է ՀՀ նախագահը:

«Մենք բացառիկ արդյունքների ենք հասել բոլոր բնագավառներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմական ոլորտում, հումանիտար եւ ինտեգրացիոն գործընթացներում»,-ընդգծել Է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ՌԴ-ի նախագահին շնորհակալություն Է հայտնել «վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում տեղի ունեցած առաջընթացի» համար:

Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել Է, որ Հայաստան են այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: «Ես համաձայն եմ, որ առաջընթաց կա նաեւ տնտեսության մեջ: Մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»,-նշել Է Սարգսյանը:

Իր հերթին Պուտինը նշել Է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կապված են առանձնահատուկ հարաբերություններով եւ վերստին Սերժ Սարգսյանին շնորհավորել Է նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ: «Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ընդհանուր առմամբ դրանք հաջողությամբ են զարգանում: Չնայած համաշխարհային տնտեսության մեջ դիտվող որոշակի դժվարություններին, անցյալ տարի ապրանքաշրջանառության աճը 20 տոկոսից ավելի Է եղել, եւ ինձ համար շատ հաճելի Է նշել, որ Ռուսաստանը շարունակում Է վստահորեն առաջին տեղը պահպանել Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նշել Է, որ Ռուսաստանը ավելի քան 3 մլրդ դոլար գումարով առաջին տեղն Է գրավում նաեւ Հայաստանում կուտակված օտարերկրյա ներդրումների ծավալով:«Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ համատեղ ներդրումային ծրագրեր, հուսով եմ, որ այսօր մենք հնարավորություն կունենանք խոսել այդ ամբողջ համալիրի շուրջ»,-ասել Է ՌԴ-ի նախագահը:Նրա խոսքով՝ ոչ պակաս ակտիվորեն են զարգանում շփումները քաղաքական ոլորտում:

«Դա լավ նախադրյալներ Է ստեղծում մարդկանց միջեւ հարաբերությունների ամրապնդման համար: Շատ կարեւոր դեր են խաղում համապատասխան միավորումները, մասնավորապես, Ռուսաստանում ապրող հայ համայնքի միավորումը: Մեզ մոտ շատ են հայերը, եւ նրանք մեր երկրի շատ օրինապահ, ստեղծագործ, աշխատող քաղաքացիներ են: Նրանք շարունակում են շատ սերտ շփումներ պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ Է»,-հավելել Է Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում