1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը զինված խմբավորումների դեմ պայքարի շրջանակում փետրվարի 18-ին Հոմսի Աբլ, Թիլդո եւ Բուեյդա գյուղերում մեծ թվով զինյալներ են սպանել, առգրավել են նրանց զենքերը:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նշված շրջաններում կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալների մի քանի թաքստոցներ, որտեղ եղել են տարբեր տեսակի զենքեր, նաեւ հրթիռներ:
Պարզվել է, որ զինյալները հիմնականում «Ջաբահաթ ան Նուսրա» խմբավորման անդամներ են եղել: Սպանվածների թվում են եղել նաեւ խմբավորման ղեկավարները:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ կառավարական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հոմսի գյուղերը եւ քաղաքները, ինչպես նաեւ Հալեպի եւ Դամասկոսի գյուղերը: Կայքի տեղեկացմամբ` մեկ օրվա ընթացքում Սիրիայում 120 մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: