1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը փետրվարի 8-ին Հոմսի տարբեր շրջաններում լուրջ հարվածներ են հասցրել «Ջաբահա ան Նուսրա» խմբավորման անդամներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տասնյակ զինյալներ են սպանվել եւ վիրավորվել Զաաֆարնա, Աահրաբ եւ Դերֆուլ գյուղերում: Բախումների ժամանակ ոչնչացվել են զինյալներին պատկանող զենքերով լի 4 մեքենաներ:
Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաեւ Դամասկոսի մոտակա գյուղերում, մասնավորապես, Դումայում, Դարիայում, Զիյաբիայում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիական օդային ուժերը շարունակում են ռմբակոծել մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքը: Կայքի տեղեկացմամբ` Ազատ բանակի անդամները հսկողություն են հաստատել Սալասին փողոցի վրա, որը գտնվում է Դամասկոսի հարավում: Փետրվարի 7-ին Սիրիայի տարածքում հարյուրից ավելի մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: