1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում երկու մահապարտ-ահաբեկիչներ երկու մեքենա են պայթեցրել Թադմուրի բնակեցված շրջանում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած պայթյունների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, որոնց թիվը դեռ չի ճշտվել:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ականապատ մեքենան պայթել է Սիրիայի արեւելքում գտնվող Թադմուր քաղաքի ռազմական հետախուզության շենքի մոտակայքում, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում`անվտանգության աշխատակիցներ եւ Բաշար ալ Ասադի կողմնակիցներ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Աարաբին, Զամալքա, Հարասթա եւ Սաբինա գյուղերում կառավարական ուժերի հետ բախումները լուրջ վնասներ են հասցրել զինյալներին: Ոչնչացվել են նրանց պատկանող թաքստոցները եւ զենքերը:
Ալ Ջազիրա-ն տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի առավոտյան սիրիական օդանավերը սկսել են ռմբակոծել Դամասկոսի շրջակայքը, մինչդեռ նախորդ օրվա բախումների հետեւանքով զոհվել է 113 մարդ: