1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում զինյալները կրակ են բացել իրանական կոմերցիոն օդանավի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալները տեսանյութը տեղադրել են համացանցում, որտեղ երեւում է, որ օդանավը մեծ վնասներ չի կրել: Տեղեկություններ կան, որ օդանավը պատկանում է Iran Air ավիաընկերությանը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Դամասկոսի գյուղերը: Կայքի տեղեկացմամբ` Ազատ բանակի անդամները երկու օդանավ են պայթեցրել Դամասկոսի մոտակայքում: Սիրիայի տարածքում հունվարի 31-ին զոհվել է 109 մարդ:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իդլեբի եւ Հոմսի շրջանում, ինչպես նաեւ Դամասկոսի եւ Հալեպի գյուղերում զինյալները մեծ կորուստներ են կրել, զոհվել են զինված խմբավորումների ղեկավարները:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: