1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը կանխել են զինված խմբավորման անդամների հարձակումը Իդլեբի Աբու Դահուր օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալները լուրջ կորուստներ են կրել:
Պայքարը զինյալների դեմ շարունակվում է նաեւ Հալեպում եւ մոտակա գյուղերում: Զինյալները մեծ կորուստներ են կրել Սաֆիրա տանող ճանապարհին: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել աշ Շաար, Բուսթան ալ Կասր, Շեյխ Նաջար եւ Սուքքարի շրջաններում:
Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 17-ին ավելի քան 100 մարդ է մահապատժի ենթարկվել Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի կողմնակից ուժերի կողմից: Ըստ աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել Հոմսում եւ սպանվածների թվում նաեւ կանայք եւ երեխաներ են եղել:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: