1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղի ուղղությամբ արձակված ռումբերի հետեւանքով Մաադամիա շրջանում բնակելի շինություն է վնասվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծության հետեւանքով բնակիչներ են զոհվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ:
Սիրիական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Սիրիայի զինված ուժերը զինյալներից ազատագրել են Դարիա գյուղի մերձակայքը: Շուրջ երկու ամիս շարունակվող պայքարը Ջաբահա ան Նուսրա եւ Լիուա ալ Իսլամ խմբավորումների դեմ ի վերջո ավարտվել է կառավարական ուժերի հաղթանակով: Խմբավորումները սպառնալիք էին ներկայացնում Դամասկոսի համար:
Դամասկոսի Ռուքն ադ Դին թաղամասում հունվարի 14-ին զինյալները հերթական պայթուցիկ սարքավորումները տեղադրելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ զինյալ զոհվել է, երկուսը` վիրավորվել:
Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր: