Գերմանիայից Հայաստան այս տարի ներմուծվել է 320 բնական եղեւնի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում արգելված է եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքը: Մայրաքաղաքում վաճառքի հանված եղեւնիներն ու սոճիները հանրապետություն են ներմուծվում Գերմանիայից: Յուրաքանչյուր ներմուծված ծառի համար վաճառքի թույլտվությունն էլ տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Արմենպրես»-ին բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից տեղեկացրին, որ 2012 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 260 հատ կեռիկավոր կամ արծաթափայլ եւ 60 կովկասյան տեսակի եղեւնի: Մինչդեռ 2011 թվականին Գերմանիայից մեր երկիր էր ներմուծվել ընդամենը 150 հատ կեռիկավոր տեսակի եղեւնի:
Ամանորի նախօրեին որպես կանոն արձանագրվում են սոճիների հատման դեպքեր: Նմանատիպ դեպք, օրինակ, գրանցվել էր 2011 թվականին: Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանըհավաստիացրեց, որ այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում Ամանորին ընդառաջ սոճու հատումներ չեն գրանցվել:«Այս տարի ոչ միայն Ամանորին ընդառաջ, այլեւ ընդհանրապես ծառերի հատման դեպքեր չեն գրանցվել: Վերահսկողությունը մեր կողմից բավական խստացվել է»,-ասաց գլխավոր անտառապետը: Իսկ այն հարցին, թե որքա՞ն տուգանք է նախատեսվում հատված սոճու կամ եղեւնու դեպքում, Պետրոսյանը նշեց, որ տուգանքի չափը կախված է տրամագծից, եւ նրանից` բնական է արդյոք եղեւնին, թե արհեստական: «Բնականի դեպքում տուգանքի չափը եռապատկվում է»,-ասաց նա:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ փաստեց, որ այս տարի հատկապես աճել են արհեստական եղեւնիների գները: «Բնական եղեւնիները վաճառվում են 20 հազար դրամից սկսած, արհեստականներն էլ տասը հազար: Սրանք ամենամատչելիներն են եւ այնքան էլ եղեւնու նման չեն: Նորմալ բնական եղեւնիների գները սկսվում են 50 հազարից, իսկ միջին քաղաքացու գրպանին այս թվերը հասու չեն»,-ասաց նա: