ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը, ով Հայաստանում է գտնվում մասնակցելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի հայաստանյան պրեմիերային, այսօր պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերի, անկեղծացել տարբեր հարցերի շուրջ:
«Այն ամենին, ինչին հասել եմ իմ կյանքում, հասել եմ մայրիկիս շնորհիվ. ես միշտ պարտական եմ մնալու նրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 18-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանը: Ալեն Դելոնը պատմեց, որ իր ամեն ինչը` արտաքին հմայք, տաղանդ, ժառանգել է մորից: «Եթե նա այսօր կենդանի լիներ, նրան ամանորյա տոների կապակցությամբ առանձնահատուկ նվերներ չէի անի, ես միայն կցանկանայի նրան մոտ լինել, սեր նվիրել»,- ասաց աշխարհահռչակ դերասանը:
Ալեն Դելոնն ընդգծեց իր զարմանքը Հայաստանում գտած ընդունելությունից եւ նշեց, որ ինքն անգամ չէր ենթադրում, որ իրեն Հայաստանում այդքան գնահատում եւ սիրում են: «Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց անգամ նա ինձչէրասել այդ մասին»,- կատակեց դերասանը:
Ֆրանսիացի դերասանը ստացել է գրեթե բոլոր հնարավոր մրցանակները, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, սակայն «ամբողջական երջանկության համար մի բան պակասում է` սերը»:
Հայաստանում է գտնվում նաեւ «Փարիզ» նովելում Դելոնի հետ նկարահանված Իրինա Ռոզանովան, ով ֆիլմում ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի է եւ ում նվիրական երազանքն է լինել Փարիզում, «որն աշխարհին նվիրել է ռոմանտիկա եւ Ալեն Դելոն»: Ֆիլմի նկարահանումները դերասանուհուն շատ հուզումնալից պահեր են պարգեւել, որոնք դժվարությամբ է կարողանում ներկայացնել: «Իրականում ես երբեք էլ չեմ սիրել գեղեցկադեմ երիտասարդների: Դելոնն ինձ այս տարիքում, այս տեսքով ավելի է դուր գալիս»,- կատակեց դերասանուհին` նշելով, որ նրա հետ աշխատելն անսահման հաճույք է պատճառել իրեն: «Դա իրական երազ էր: Ես նկարահանման ընթացքից ոչինչ չեմ հիշում: Իր այս տարիքում ունեցած կնճիռներն ու սպիտակած մազերն են իրական հմայնքի գաղտնիքը»,- ասաց Իրինա Ռոզանովան:
«Enjoy movies» եւ «AP» cinema» կինոընկերությունների համատեղ արտադրությամբ ստեղծված«Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիան բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչեւը, Կլիմ Պոպլավսկին:
Սարիկ Անդրեասյանը նշեց, որ ֆիլմը ծնվել է այն գաղափարից, որ բոլորը սիրում են իրենց մայրիկներին:«Ֆիլմով ցանկանում էինք հաճոյախոսություն անել բոլոր մայրերին: Թեեւ ֆիլմի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, նրանց միավորել է մի ընդհանուր բան` բոլոր լեզուներում մայրիկը նմանատիպ կերպ է հնչում»,- ասաց նա: Կինոնկարի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան կլինի դեկտեմբերի 19-ին: Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից: