Տաք եղանակը երկրաշարժածին գործոն չէ. սեյսմոլոգն անտեղի է համարում բնակչության մտահոգությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային տաք պայմանները չեն կարող երկրաշարժածին գործոն լինել, քանի որ երկրաշարժերի օջախները մի քանի տասնյակ կմ խորություն կարող են ունենալ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը, բնակչության մտահոգությունն այս առիթով տեղին չէ: «Ճիշտ է, 1988 թվականին ևս եղանակային նման պայմաններ էին, սակայն տեղի ունեցած աղետը ոչ մի կապ չուներ դրա հետ»,-ընդգծեց սեյսմոլոգը:
Բնակչությունը, ըստ մասնագետի, համեմատաբար տեղեկացված է աղետի մասին և կկարողանա հարկ եղած դեպքում պաշտպանել իրեն: Պետրոսյանի պնդմամբ` տեղեկացվածությունն այնքանով է, որքանով յուրացրել ենք Սպիտակի դասերը և իրազեկել բնակչությանը: «Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր է իրազեկվածության աստիճանը: Ամենաշատը գիտեն սպիտակցիները, քանի որ դառը փորձ ունեն, իսկ մնացած հատվածներում տեղեկացվածությունը գալիս է ԶԼՄ-ներից կամ դպրոցներից, հետևաբար` այն անհավասարաչափ է»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը:
Նա հավելեց նաև, որ վտանգը կանխել հնարավոր չէ, սակայն ամեն ինչ կանեն, որ կանխեն հետևանքները: «Սեյսմիկ վտանգը չենք կարող կանխել, սակայն սեյսմիկ աղետը պետք է հասցնել նվազագույնի, ինչը չարվեց 1988-ին»,-ավելացրեց սեյսմոլոգը: