Ազդեցիկ ուժերի համար խաղաղության պահպանումն Արցախում պատերազմից նպատակահարմար է. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Ազդեցիկ ուժերի համար խաղաղության պահպանումն Արցախում պատերազմից նպատակահարմար է. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/12/701331.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի քաղաքական գործիչների գլուխներում քիչ չեն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի վերսկսման փորձ կատարելու արկածախնդրության մտքերը: Այդ գործողությունների հաջող ելքն Ադրբեջանի համար, սակայն, խիստ կասկածելի է համարումռուսաստանաբնակ քաղաքագետ Տիգրան Մանասյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան կարող է տեղի ունենալ միայն Իրանի դեմ կոալիցիայի ռազմական գործողությունների դեպքում:«Վերջերս Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նույնպես կասկածի տակ էր դրել ԼՂՀ պաշտպանական բանակի դեմ մարտական գործողություններ վարելու ադրբեջանական զինուժի հնարավորությունները»,- ասաց Մանասյանը:
Քաղաքագետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրությունը բավական բարդ և պայթյունավտանգ գնահատեց: Մանասյանի խոսքով՝ Ադրբեջանի տենդագին զինվելու ֆոնին սրվում է նաև մերձավորարևելյան իրավիճակը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ Հարավային Կովկասի վրա:
Այնուհանդերձ քաղաքագետը նշեց, որ ազդեցիկ ուժերի համար խաղաղության պահպանումը Արցախում պատերազմից նպատակահարմար է: «Գերտերությունների համար փխրուն խաղաղությունը ցանկացած պատերազմից ձեռնտու է, քանի որ պատերազմի դեպքում շատ երկրների տնտեսական շահեր կտուժեն»,- ընդգծեց Մանասյանը: