ՀՀ պետական 40 մարմինների ներքին եւ միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ մեկնարկեց «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Այս նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացումը եւ Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն անդրադարձավ էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012 թթ-ին իրականացված բարեփոխումների արդյունքներին:
Նրա տեղեկացմամբ` 2008-2012 թթ-ին էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում բարեփոխումներ է իրականացվել մի շարք ոլորտներում` ներդնելով էլեկտրոնային կառավարման 15 համակարգ: Մասնավորապես` էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, հարկատու երեք համակարգ, էլեկտրոնաին ռեգիստր` բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ եւ այլն: «ՀՀ պետական կառավարման համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշարժի եւ ստորագրության համակարգի ներդրման արդյունքում հնարավոր է դարձել պետական մարմիններին դիմել առցանց, հետեւել դիմումի ընթացքին»,- ասաց նա:
Դավիթ Սարգսյանը նշեց նաեւ, որ պետական 40 մարմինների ներքին եւ միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառություն էլ-կառավարման համակարգը: «Փաստաթղթերի 90 տոկոսը մշակվում է համակարգիչների միջոցով, 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով, Հաայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս»,- ասաց նա:
Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն ոլորտում արդեն արվածը շատ տպավորիչ համարեց: «Մեծ ներուժ կա եւ կարելի է առաջ շարժվել: Արվածն իրոք շատ տպավորիչ է»,- ասաց նա` ծրագրի հաջողության երաշխիքներից մեկը համարելով այն, որ հայաստանյան բոլոր գրասենյակներում անհրաժեշտ է, որ լինի ինտերնետ: Յուրաքանչյուր տարի տասը հազարից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին եւ յուրաքանչյուր տարի 20 հազարից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետեւում են առցանց: Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների տասը տոկոսը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65 տոկոսը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85 տոկոսը գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց:
Տրանսպորտային միջոցների գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրումը թույլ է տվել ավտոմեքենաների գրանցումը կատարել միջինը 24 րոպեում, իսկ վարորդական վկայականները տրամադրվում են առցաց բժշկական եւ ավտոդպրոցների տեղեկանքների, էլեկտրոնային թեսթային տեսական քննության միջոցով: Գործարկվել են դատաիրավական «ԴատաԼեքս» տեղեկատվական եւ Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգերը, սկսվել է նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը: «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆրնանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1,3 մլն եվրո, իսկ տեւողությունն է` երկու տարի: