ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում աշխարհահռչակ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին 16 դատապարտյալների հետ: Որոշ դատապարտյալներ լուրջ դիմադրություն ցույց տվեցին գրոսմայստերներին: Լևոն Արոնյանը խաղի վերջում մասնակիցներին բաժանեց իր մասին գրված գրքեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շախմատային հանդիպմանը հետևող ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը: Թովմասյանը խոստացավ երեք լավագույն խաղացողներին խրախուսել մեկական արտահերթ երկարատև տեսակցության իրավունքով: «Հուսով եմ, որ նման միջոցառումների անցկացումը կօգնի ինչ-որ նոր բան մտցնել դատապարտյալների միապաղաղ առօրյայում»,- ընդգծեց նախարարը:
Առաջին քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավաբանական աշխատանքների գծով բաժնի պետ, փոխգնդապետ Արայիկ Ստեփանյանը եւս անհրաժեշտ համարեց նման միջոցառումների անցկացումը: «Նման միջոցառումների անցկացումը դրական է անդրադառնում դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա և նպաստում հասարակությանը նրանց արագ ինտեգրմանը»,- ասաց Ստեփանյանը:
Դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին և ձեռագործ նվերներ հանձնեցին Արդարադատության նախարարին, գրոսմայստերներին, Լևոն Արոնյանի մորը և լրագրող Ռուդիկ Բարսեղյանին: