3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում փաստաթուղթ է հրապարկվել ալավիների ջարդի մասին: Թուրքիայի խորհրդարանի հեղաշրջումների հետազոտման հանձնաժողովի նախագահ Նիմեթ Բաշը հրապարակել է նախկին նախագահ Քենան Էվրենի արխիվում գտնվող մի փաստաթուղթ, որում նախկին նահանգապետ եւ անվտանգության գլխավոր տնօրեն Ռեֆեթ Քյուչուքթիրյաքին խոստովանում է, որ ալավիների ամենամեծ ցեղասպանությունն ինքն է իրագործել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Թերթը մեջբերում է 1980 թ-ի հոկտեմբերի 7-ի` Քյուչուքթիրյաքիի անձնական ստորագրությամբ խոստովանական նամակը` նշելով, որ այն ճգնաժամ է առաջացրել Թուրքիայում: Նամակում թուրք նախկին նահանգապետը գրում է. «Անվտանգության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո Թուրքիայում առաջին անգամ պաշտոնապես ալավի-կըզըլբաշ ցեղասպանությունը պետության անունից ես եմ սկսել: 1976 թ-ի հունվարին Մալաթիայի Բեյլերդերեսիի իրադարձությունից Մալաթիայի կենտրոնում թափել եմ 40 ալավի կըզըլբաշների արյունը: Սուլթան Սելիմ ահեղից հետո ալավի կըզըլբաշների ամենամեծ թշնամին ես եմ, դա ես ապացուցեցի եւ շարունակելու եմ ապացուցել: Ես Մալաթիայի ժանդարմերիայի հրամանատարությանը հրամայել եմ վերացնել Մալաթիայի ալավի կըզըլբաշներով բնակեցված գյուղերը: Իմ այս խոսքերը 1976 թ-ի մայիսին հրապարակվել է «Հալքըն Քուրթուլուշը» (Ժողովրդի ազատագրությունը) հանդեսում: Ներկայում ես անվտանգության գլխավոր տնօրենն եմ: 1976 թ-ին, երբ ես Մալաթիայի նահանգապետն էի, Մալաթիայի անվտանգության տնօրեն էի նշանակել Աբդուլքադիր Աքսուին, որն ինձ օգնեց այդ ցեղասպանությունն իրագործելու հարցում: Անկարայում ալավի կըզըլբաշներով բնակեցված «Քուրթարըլմըշ բոլգե» (Ազատագրված շրջան) կոչված թաղամասերում արյուն թափած Ռեշաթ Աքքայային նույնպես Անկարայի անվտանգության տնօրեն դարձնողը ես եմ եղել: Ոչ մի ուժ չի կարող ինձ պաշտոնաթող անել` ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ էլ մեկ ուրիշը: 1981 թ-ի ընտրություններում Արդարություն կուսակցության Մալաթիայի պատգամավորի թեկնածուն եմ: Ինձ զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրողներին ասում եմ, որ ես Բուլղարիայի վրայով բերված կոմունիստական զենքերով ալավիներին կոտորած մարդն եմ: Ռեֆեթ Քյուչուքթիրյաքի: Անվտանգության գլխավոր տնօրեն»:
Խորհրդարանում նամակի ընթերցմանը մասնակից Քյուչուքթիրյաքին հայտարարել է, թե ոչ մի տեղեկություն չունի այդ նամակի մասին, եւ որ այն իրենը չէ: «Ոչ մի ալավի-սունի պատմություն էլ գոյություն չունի», -հայտարարել է նա:
Աբդուլքադիր Աքսուն Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է եւ մինչեւ 2011 թ-ը գլխավորել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը: