Սուննի-շիա հակամարտությունն ակտիվանում է. Սարգիս Գրիգորյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն շուրջ երկու տարի շարունակվող «Արաբական գարունը» մեծ փոփոխությունների պատճառ դարձավ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այս փոփոխությունների ընթացքում նկատվեց իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիական և շիական հոսանքների միջև հակամարտության նոր ալիքի բարձրացում, որը հատկապես առավել արտահայտիչ բնույթ է ստանում դեռևս շարունակվող սիրիական ճգնաժամում: «Արաբական գարունը», որը սկզբնավորվեց ավտորիտար և կոռումպացված վարչախմբերի դեմ ուղղված զանգվածային ելույթներով, աստիճանաբար վերածվում է իսլամի երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների միջև ընթացող պայքարի: Այժմյան մերձավորարևելյան զարգացումներում ներմուսուլմանական կրոնական տարաձայնություններն ու հակասությունները սուննիների և շիաների միջև ներկայացված են մի կողմից Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան (Հիզբալլահ) շիական միությամբ, իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիա-Կատար-Եգիպտոս-Թուրքիա սուննիական դաշինքով:

Իսլամի առաջացման հենց սկզբում` Մուհամմադ մարգարեի օրոք, իսլամն ամբողջական կառույց էր, որտեղ չկաին հստակ տարանջատված ուղղություններ և հոսանքներ: 632 թ. մարգարեի մահից հետո մուսուլմանական համայնքում (Ումմա) սկսեցին տարաձայնություններ` կապված այն խմդրի շուրջ, թե ով պետք է ղեկավարի մուսուլմանական համայնքը: Արդեն այդ ժամանակվանից իշխանության պատկանելիության խնդիրը մասնատեց մուսուլմանական ումման երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների:

Սուննիները («Ահլ Ալ-Սուննա»-Սուննայի մարդիկ) կարծում են, որ մուսուլմանական «ումմայում» իշխանությունը պետք է պատկանի խալիֆին, ով ընտրվում է ամբողջ մուսուլմանական համայնքի կողմից: Մինչդեռ շիաները («Շիա»-խմբավորում, Ալի իբն Աբու Տալիբի հետևորդներ) ընդունում են իմամի իշխանությունը, ով պետք է լինի Մուհամմադ մարգարեի հետնորդը, նրա դստեր` Ֆաթիմայի և Ալիի սերնդից:

Իսլամի ձևավորման ժամանակվանից սկսած քաղաքական ղեկավարության խնդիրը սուր կերպով կանգնած է մուսուլմանական հասարակական-քաղաքական օրակարգում: Սուննիների և շիաների միջև արդեն 15 դար գոյություն ունեցող ջրբաժանն իր մասին զգացնել է տալիս հատկապես վերջին շրջանում: Այն առավել ցայտուն դրսևորվեց հատկապես 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո: Շիական մեծամասնություն ունեցող երկրների շարքում Իրանի աստիճանական հզորացումն ու ռազմականացումը հանգեցրեց շիական հոսանքների ակտիվացման Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Այս ենթատեքստում, Իրանի վարած քաղաքականությանը որպես հակակշիռ հանդես է գալիս Սաուդյան Արաբիան`առաջ քաշելով վահհաբականության գաղափարները և իրականացնելով սուննիական ուղղության դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սաուդական թագավորական ընտանիքի կողմից սուննիական բազմազան ուժեր ստանում են մեծ ֆինանսական և գաղափարական աջակցություն: Այդ աջակցությունից օգտվում են նաև սուննիական առավել ծայրահեղ հոսանքները, որոնց մեջ շատերն իրենց պայքարը շիաների դեմ ներկայացնում են որպես անհավատների դեմ պայքար, որոնց դեմ նույնպես պետք է իրականացնել ջիհադ: Այս ամենը հստակ պռոեկտվում է սիրիական այժմյան հակամարտության վրա: Բաշար Ալ-Ասադի շիական-ալաուիական վարչախմբի դեմ պայքարում են զանազան ընդդիմադիր հոսանքներ, որոնք մեծ հաշվով սուննիներ են և իրենց ընդվզումը ներկայացնում են որպես պայքար անհավատ ալաուիական վարչախմբի դեմ:

Հակառակ պատկերը տեսանելի է օրինակ Բահրեյնում, որտեղ մեծամասնություն կազմող շիաները ժամանակ առ ժամանակ ընդվզում են ղեկավարող սուննիական փոքրամասնության դեմ` ենթարկվելով կառավարող սուննիների և Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից ճնշումների: Անհանգիստ է նաև մուսուլմանական աշխարհի և սուննիական հոսանքի սրտում` Սաուդյան Արաբիայում: Երկրի արևելյան շրջաններում բնակվող շիաները նույնպես շատ հաճախ դուրս են գալիս փողոց` ընդդեմ սուննիական իշխանությունների, ինչը կարող է թուլացնել սաուդական թագավորական ընտանիքի դիրքերը` ապահովելով Իրանի ռազմավարական հաղթանակը, քանի որ հենց Սաուդյան Արաբիայի շիաներով բնակեցված շրջաններում է կենտրոնվացած երկրի նավթային պաշարների զգալի մասը:

Արաբական գարնան արդյունքում իշխանափոխության ենթարկված Եգիպտոսը, որը միշտ առանցքային դեր է ունեցել մուսուլմանական աշխարհում, նույնպես ներքաշվում է սուննիական և շիական հակամարտության մեջ: Դա բացատրվում է նրանով, որ դեռևս իշխանափոխության հետևանքները չթոթափած եգիպտական նոր իշխանությունները, որտեղ առանցքային դիրք է ստանձնել իսլամական արմատական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, արդեն հանդիպում են Սինայի թերակղզում իրանամետ խմբավորումների ակտիվության: Չմոռանանք նաև, որ Եգիպտոսում է գտնվում Ալ-Ազհարը` սուննիական մուսուլմանական կրոնա-իրավական կենտրոնը, որը միշտ մուսուլմանական հիմնախնդիրների նկատմամն իր հեղինակավոր դիրքն ու կարծիքն է ունեցել մուսուլմանների համար:

Այսօր ներմուսուլմանական հակամարտության դրսևորման աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել մուսուլմանական աշխարհի սահմաններից` ազդելով այլ տարածաշրջանները բնակեցնող մուսուլմանական երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաներ հարաբերությունների վրա: Դժվար է կանխատեսել ներկայիս քարգացումների համատեքստում ներմուսուլմանական երկու հիմնական հոսանքների միջև պայքարի հետագա ընթացքը, սակայն պարզ է այն, որ այս հոսանքների միջև առկա լարվածությունը հղի է նոր արյունալի բախումներով և հեղափոխություններով:

Իսլամագետ Սարգիս Գրիգորյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres