2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմին հայտարարել է, որ իրենից կախված ամեն ինչ կանի սիրիական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ` հաշվի առնելով սիրիացիների շահերը: Այս մասին նա հայտարարել է ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ սեպտեմբերի 10-ին Կահիրեում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իբրահիմին հույս է հայտնել, որ նախագահ Բաշար ալ Ասադի հետ մոտ ապագայում հանդիպում կունենա Դամասկոս կատարելիք այցելության ժամանակ:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է, որ մարդկության հանդեպ իրականացված բոլոր հանցագործությունները, մարդու իրավունքերի խախտումներ իրականացրած մեղավորները պետք է արժանի պատիժ ստանան: Պան Գի Մունը խիստ անհանգսացած է կառավարական ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններով եւ Սիրիայի իրավիճակի վատթարացմամբ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ աշխարհը հնարավոր ամեն ինչ պետք է անի Սիրիայում իրավիճակի բարելավման եւ արյունահեղությունը դադարեցնելու համար:
Միաժամանակ սիրիական ընդդիմադիր ուժերի հաղորդած տեղեկությունների համաձայն` Սիրիայում շուրջ 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 23 հազար մարդ է զոհվել, գրեթե 200 հազարը փախստականի կարգավիճակով մեկնել է Թուրքիա, Հորդանան, Իրաք եւ Լիբանան: