Աշխարհահռչակ լեզվաբան Դեյվիդ Քրիսթլը Հայաստանում դասախոսություններ կկարդա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հռչակ վայելող, հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը հոկտեմբերին կայցելի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, հոկտեմբերի 7-10-ը Դեյվիդ Քրիսթլը հանդես կգա չորս դասախոսությամբ եւ Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ, որոնք բաց կլինեն բոլոր ցանկացողների համար` նախնական գրանցմամբ: Դասախոսությունները նվիրված են անգլերենի տեսությանը, կիրառմանն ու դասավանդմանը: Դեյվիդ Քրսթլը Հայաստան է ժամանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով:

«Դեյվիդ Քրիսթլն անգլերենի առաջատար մասնագետն է»,-գրում է հանրահայտ The Guardian-ը: Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս եւ հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը հրատարակել է ավելի քան 100 հեղինակային գրքեր եւ առավելապեսճանաչելի դարձել անգլերենի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով: Դեյվիդ Քրիսթլն առավել հայտնի է երկու «The Cambridge Encyclopedia of Language» եւ «The Cambridge Encyclopedia of the English Language» հանրագիտարանների շնորհիվ: Շեքսպիրագիտության վերաբերյալ կատարած այլ աշխատանքների մեջ մտնում են բազմաթիվ հոդվածներ` Շեքսպիրի Globe թատրոնի Around the Globe ամսագրում: «Think on My Words: Exploring Shakespeare’s Language» լույս է տեսել 2008-ին:

1995 թվականին Դեյվիդ Քրիսթլը մատուցած ծառայությունների համար Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից արժանացել է Բրիտանական Կայսրության պարգեւի: 2000 թվականին դարձել է Բրիտանական Ակադեմիայի անդամ:

Դեյվիդ Քրիսթլի դասախասություններին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:

Հայերեն English