2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սեպտեմբերի 3-ին երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը` Կարեն Խաչիկյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել:
Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժինն ահազանգ էր ստացել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա տեղի ունեցած հարձակման մասին։ Կարեն Խաչիկյանն իմանալով դեպքի մասին, իր հորեղբոր որդի Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի բնակարանը, դիտավորյալ վնասել եւ մասամբ ոչնչացրել նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին: Կարեն Խաչիկյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին: