Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ ինը թուրք զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավարեւելյան Շիռնաքի նահանգում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախումների ժամանակ նվազագույնը ինը զինծառայողներ եւ ոստիկաններ են զոհվել, եւս ութն էլ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ PKK-ի զինյալները կիրակի գիշերը նռանականետերով եւ ավտոմատ զենքերով չորս ուղղություններով հարձակվել են Շիռնաքի Բեյթյուշեբաթ ավանում գտնվող ոստիկանական պահակակետերի վրա: Շիռնաքի նահանգապետ Վահդեթին Օզքանը լրատվամիջոցներին հայտնել է, որ քուրդ զինյալների հետ բախումը շարունակվել է մի քանի ժամ: Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ բախումների ժամանակ սպանվել են PKK-ի 20 գրոհայիններ:

Վերջին շրջանում PKK-ն, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, կտրուկ ակտիվացրել է հարձակումները քրդաբնակ հարավարեւելյան եւ հարավային շրջաններում: Շուրջ 30 տարի PKK-ն պարտիզանական գործողությունների միջոցով ցանկանում է Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանում ինքնավարություն ստեղծել: Այդ հակամարտությունն արդեն 40 հազարից ավելի մարդու կյանք է խլել:

Հայերեն