Հայաստան կայցելի ԻԻՀ գլխավոր դատախազը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 25-ին ընդունեԼ է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիմին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ դեպանատան միջև ձևավորված բարիդրացիական և սերտ համագործակցության դրական փորձն առավել ջերմ և լայն համագործակցության հիմք կհանդիսանա պարոն Մոհամմադ Ռեիսիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր իրավական օգնության ոլորտներում, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության գործերով:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և կարևորելով հանցագործությունների դեմ պայքարում սերտ փոխհամագործակցության նշանակությունը, շեշտելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից բարձրացված հարցադրումներում առկա խնդիրների արդիականությունը, նշել է, որ առաջիկա տարում Հայաստան կայցելի ԻԻՀ գլխավոր դատախազը, ինչը նոր էջ կբացի հայ-իրանական իրավական համագործակցության ոլորտում:
Կողմերը քննարկման ընթացքում կարևորել են նաև երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրության առանձնահատկություններին՝ ընդգծելով մասնավորապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: