ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 12-ին 21-րդ անգամ հանդիսավոր պայմաններում կբացվի «Սլավյանսկի բազարը Վիտեբսկում» արվեստների միջազգային փառատոնը: Դրա մասնակիցներ կդառնան աշխարհի 28 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Իսրայելը, Իտալիան, Ղազախստանը, Կուբան, Լատվիան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան եւ այլ պետություններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Մուսաների հերթական տոնի մեկնարկը կտրվի 6-հազարանոց Ամառային ամֆիթատրոնում: Փառատոնի բացման մասին կհայտարարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հովանավորում Է համաշխարհային ճանաչում ստացած մշակութային ֆորումը: Նա նաեւ կհանձնի իր նախագահական մրցանակը: «Արվեստի միջոցով դեպի խաղաղություն եւ փոխըմբռնում» հատուկ պարգեւն այս անգամ բաժին կհասնի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոյին: Այս տարի լրացել Է նրա 70-ամյակը:
Ընդհանուր առմամբ «Սլավյանսկի բազարի» ծրագրում ընդգրկվել են մշակութային 75 տարբեր նախագծեր՝ համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, կինոպրեմիերաներ: Դրանք կանցկացվեն տասնմեկ փառատոնային հարթակներում: Ընդամենը «Սլավյանսկի բազարում» հավատարմագրվել Է 5 հազար մարդ, այդ թվում՝ 460 լրագրող 15 երկրներից: Նրանք կլուսաբանեն Վիտեբսկի փառատոնի իրադարձություններր, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 18-ը: