Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցությունը նոր մակարդակի վրա կդրվի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնավիչենեն: Նախարարն արդեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որից հետո երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ կնքվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունները համագործակցության տասը տարվա պատմություն ունեն եւ այդ տարիների ընթացում արդեն երկրորդ համաձայնագիրն է ստորագրվում:
«Այդ շրջանակներում համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա կդրվի: Ես գտնում եմ, որ այն խթան կհանդիսանա ակտիվացնելու հարաբերությունները, որովհետեւ վերջին տարիներին դրանք ակտիվ չեն եղել»,- ասաց նախարարը` հավելելով, որ համաձայնագիրը ենթադրում է փոխադարձ ռազմաքաղաքական խորհրդատվություններ, փորձի փոխանակում, ռազմական կրթության, ուսուցման ոլորտում համագործակցություն, ինչպես նաեւ փոխգործունակ կարողությունների զարգացում խաղաղապահ առաքելության շրջանակներում:
«Բացի այդ, մեր զինծառայողները Լիտվայի Հանրապետությունում համապատասխան կրթություն են ստանալու թե ուսումնական, թե վերապատրաստման կենտրոններում»,- ասաց նա: Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայաստան այցելության համար:
«Գտնում եմ, որ բարձր մակարդակի փոխայցելություններն ուղղակի անհրաժեշտ են: Ես ընդունում եմ հրավերը եւ հաջորդ տարի ինքս կգամ Լիտվա»,- ասաց Սեյրան Օհանյանը: Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնավիչենեն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց, որ բարձր մակարդակի շփումները, փոխայցելությունները նպաստում, կատարելագործում եւ առաջ են մղում երկու երկրների միջեւ համագործակցությունը:
«Նախորդ համաձայնագրի կնքումից հետո մեծ փոփոխություններ են կատարվել` Լիտվան դարձել է ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ եւ մենք այժմ կարիք ունեիքն թարմացնելու եւ նորացնելու համաձայնագիրը, որպեսզի արտացելվեին բոլոր այդ փոփոխությունները: Կարծում եմ, որ անձնակազմի վերապատրատումն այն ոլորտն է, որը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել յուրաքանչյուր տարածաշրջան»,- ասաց նա:
Հաջորդ տարվա երկրորդ կեսից Լիտվան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ այդ համատեքստում եւս, ըստ Ռասա Յուկնավիչենեի, բարենպաստ հարաբերություններ կլինեն Հայաստանի հետ համագործակցելու համար` առաջին հերթին անվտանգության ուղղությամբ: Լիտվայի պաշտպանության նախարարը հանդիպման ավարտին ծառ տնկեց Պաշտպանության նախարարության պուրակում` ի նշան երկու երկրների բարեկամության: Նախատեսվում է Լիտվայի պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն կաթողիկոսի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: