1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը չի պատրաստվում հեռանալ ՀՊՖՆ-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Թոփչյանը նշեց, որ պայմանագիր ունի, սակայն դա չի նշանակում, որ քիչ է ուշադրություն դարձնելու ֆիլհարմոնիկին: «Բոլորովին չեմ պատրաստվում նվագախմբից հեռանալ: Պայմանագիրը չի նշանակում, որ գնալու եմ եւ մենակ եմ թողնելու ֆիլհարմոնիկին»,-ասաց դիրիժորը` հավելելով, որ ինքը մշտապես լինում է արտասահմանում, եւ նույնիսկ մյուս շաբաթ մեկնելու է Վիեննա` Բուդապեշտի նվագախմբի հետ: Ֆիլհարմոնիկը նոր երաժիշտներով է համալրվում: «Նվագախումբը չի կորի, մենք ինքներս ենք երաժիշտներ բերում: Ցանկանում ենք այն դարձնել միջազգային նվագախումբ»,-նշեց Թոփչյանը` հավելելով, որ Վարդան Աճեմյանը նոր գործ է գրում նրանց համար եւ ծրագրվում է 2 նոր օպերաների կատարում, որոնք երկուսն էլ կլինեն պրեմիերաներ: