1 րոպեի ընթերցում
ԿԱՀԻՐԵ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո Եգիպտոսում ազդեցիկ դեր ունեցող «Մուսուլման եղբայրները» ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել իսլամիստի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական ara.reuters.com -ը, իսլամիստների ներկայացուցիչ Մուհամմադ Բադիան նշել է, որ թեկնածուն կարող է չլինել «Մուսուլման եղբայրների» անդամներից, սակայն պետք է լինի իսլամիստ:
Հայտարարության համաձայն` նախագահի պաշտոնում առաջադրված քրիստոնյա թեկնածուները չեն ստանա իսլամիստների աջակցությունը, որոնք մեծամասնություն են կազմում Եգիպտոսի խորհրդարանում:
Ավելի վաղ «Մուսուլման եղբայրները» հայտարարել են, որ նախագահի պաշտոնի համար թեկնածու չեն առաջադրելու հատկապես խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակից հետո: