1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հերթական հոբելյանը մեկտեղել էր թումանյանասերներին իր տուն-թանգարանում: Փետրվարի 19-ին յուրաքանչյուր այցելու թանգարան մտնելիս ենթարկվում էր փորձությունների, խաղ-էքսկուրսիաների մասնակից էր դառնում, նոր միայն հնարավարություն ստանում բարձրանալ հյուրասրահ, որտեղ համերգային կատարումներով ներկայանում էր «Կադանս» համույթը: Ինչպես նշեց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, թանգարանում առավոտից իշխել է տոնական տրամադրությունը, քանի որ ունեցել են բազմաթիվ այցելուներ, եւ որ ամենից ոգեւորիչն է` այցելուների թվում եղել են ինչպես երեխաներ, աշակերտներ, այնպես էլ հասուն տարիքի մարդիկ:
Պատրաստած բազմաթիվ անակնկալների շարքում էր երկու գրքերի շնորհանդեսը: Առաջին գիրքն ամփոփում էր Հովհաննես Թումանյանի մտքերը, ինչպես նաեւ բանաստեղծի ավագ դստեր` Նվարդի արխիվի հրատարակումը: Թումանյանի մտքերն ամփոփող գրքում զետեղվել էին մեծ մտածողի մտքերն իր ելույթներից, հրապարակագրությունից: «Ընտրվել են այն մտքերը, որոնք համատեքստից դուրս ինքնուրույն կյանք ունեն»,-ասաց Նարինե Թուխիկյանը` հավելելով, որ ունի մեկ ցանկություն, որ գիրքը դառնա ամենապահանջվածը մեր հասարակության մեջ: