2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների եւ հետախուզության վիճակը լավ է գնահատվում: Այդ ծառայությունը մեծապես հիմնված է մարդկային գործոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարդանովը հունվարի 28-ին` Հայկական ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին, նշեց, որ լավ զինվոր պատրաստելու համար մեծ գումարներ պետք չեն. պետք են ժամանակ, աշխատանք եւ լավ ուսուցիչներ: Նրա խոսքով` հայկական բանակը որեւէ այլ բանակի չի զիջում, բայց կարող է հասնել շատ ավելիի:
«Ազգային լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ Մկրտիչ Տոնոյանը նկատեց, որ բանակի մասին միանշանակ խոսել եւ գնահատել, դժվար է, որովհետեւ բանակը մի օրգանիզմ է, որը հավերժ փոփոխական է: «Ինքս բնավորությամբ մաքսիմալիստ եմ, հասկանում եմ` ձգտումների հետ մեկտեղ ունենալ կատարյալ բանակ, հնարավոր է: Որպեսզի քարն ընկնի ստորոտին, պետք է նետել գագաթին»,-ասաց Տոնոյանը:
Վարդանովի խոսքով` զինվորը պետք է ունենա հիմնական «ներքին օրենքներ», որոնց հիման վրա իր կենցաղն ու ծառայությունը կառուցի: Նա պետք է իր ծառայակից ընկերներից մեծի մեջ տեսնի մեծ եղբոր, փոքրի մեջ` փոքր:
«Ես սիրում եմ մեր բանակը եւ ուզում եմ, որ բոլորս նրան վերաբերվենք ծնողի քնքշությամբ»,- ասաց Վարդանովը: Բանախոսները հիշեցրին` պատերազմին պատրաստվում են խաղաղ ժամանակ: Բանակում հարաբերությունը պետք է լինի` ինչպես ընտանիքում, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել նախաբանակային տարիքից: