Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուր» պանթեոնում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին ԲԱմենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ բարձրագույն սպայակազմը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակ` արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
«Բանակի կազմավորման ակունքներում մեր ժողովուրդն է կանգնած, եւ Զինված ուժերի կայացման ողջ ընթացքը եւս մեր ժողովուրդն է իրականացրել: Հայ ժողովրդի ներուժի շնորհիվ է, որ մենք կարողացել ենք քսան տարիների ընթացքում այսքան արագ ունենալ կայացած բանակ, որի ամենակարեւոր խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի սահմանների անվտանգությունը պաշտպանելն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բանակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվել է պատերազմական ժամանակահատվածում: Նախարարն առանձնահատուկ համարեց նաեւ ԶՈւ կազմավորման վերջին փուլը, երբ բարեփոխումների ընթացքում բանակը կարողացել է եւ մեր ժողովրդին ներկայանալ, եւ միջազգային հանրությանը` որպես զարգացման փուլն ընտրած կառույց: