1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիան երկրի զարգացմանը միտված բնականոն երեւույթ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեմոգրաֆ Ռուբեն Եգանյանը նշեց, որ բնակչության հսկայական զանգվածը դրսում աշխատում է գումարներ: «Տարիքային առումով ակտիվ աշխատանքային փուլում գտնվող մարդիկ են լքում ՀՀ սահմանները: Այսինքն` միգրացիան կրում է աշխատանքային միգրացիայի բնույթ»,-ասաց Եգանյանը: Նա նշեց, որ այդ միգրացիան, այնուամենայնիվ, ահագնացող աճ չի դրեւսորում:
Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն էլ ավելացրեց, որ միգրացիան բացասական երանգավորում չունի` ի տարբերություն արտագաղթի: «Մենք չպետք է ողբի վերածենք արտագաղթը: Իհարկե, կան խնդիրներ, որոնք երկրի զարգացման հետ են կապվում, քանի որ մարդկային տարբեր ունակություններ ունեցող մարդիկ են գնում Հայաստանից»,-ասաց Թադեւոսյանը: Նա նշեց, որ միգրացիան խնդիր է, որն ունի ոչ միայն ժողովրդագրական, այլեւ` իրավական, տնտեսական, մշակութային ասպեկտներ: