Քաղաքականություն

Վարչապետը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

3 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» թղթակիցը Բրյուսելից` քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:

«Մենք իրականացնում ենք լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձևաչափով»,- ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն:

«Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը և Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:

«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` ՀՀ-ԵՄ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ: Դրանք մեկտեղում են Հայաստան- ԵՄ հարաբերությունների առաջնայնություններն, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուց­ման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:

Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարևոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում