4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքում ավելի հաճախ են հնչում Իրանի նկատմամբ առավել խիստ միջոցների դիմելու կոչեր, հատկապես Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա ամբոխի հարձակումից, Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու Իրանի պլաններից եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցներից հետո:
Իսրայելի ղեկավարներից մի քանիսը դարձյալ հանդես են եկել ռազմաշունչ հայտարարություններով եւ կոչ են անում հարված հասցնել Իրանին, որպեսզի նրան թույլ չտան միջուկային զենք ստեղծել: ԱՄՆ-ի Կոնգրեսը ցանկանում է թուլացնել իրանական էկոնոմիկան' պատժելով բոլոր այն երկրներին, որոնք գործ են ունենում Իրանի կենտրոնական բանկի հետ:
Բայց կա նաեւ այլ ընտրություն, որը կապված չէ պատերազմի կամ տնտեսապես այնպես խեղդելու հետ, որը կարող է պատերազմ հրահրել: Այդ ընտրությունը հիմնված է նույն այն ռազմավարության վրա, որը Արեւմուտքն օգտագործում էր Խորհրդային Միությունը խորտակելու համար: Այն պարզ է եւ նպատակ ունի պարզապես զսպելու եւ սահմանափակելու ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ դրա գոյության հիմքում ընկած արատավոր գաղափարը չի հանգեցնի ռեժիմի կործանման:
Շարիաթն, օրինակ, երբեք չի դիտվել որպես սահմանադրական կարգի փոխարինող: Կրոնական աստիճանակարգությունը չի կարող օգտագործվել ազատորեն ընտրված կառավարության փոխարեն: Մշակութային անաղարտությունը չի կարող արմատավորվել վերեւից՝ ոչ մեկի կողմից չընտրվող մահմեդական հոգեւորականության կողմից: Հակասեմիտիզմը չի կարող հիմք ծառայել ազգային ինքնության համար: Ջիհադի գաղափարը եւս իր սկզբնական տեսքով չի արդարացնում ահաբեկությունները, որոնք սպանում են անմեղ մարդկանց:
Ինչպես ցույց է տալիս ներկայում Իրանում ընթացող միջֆրակցիոն պայքարը, Իսլամական Հանրապետությունն աստիճանաբար քայքայվում է իր կեղծ արմատների պատճառով: Երկու հիմնական մրցակիցների' նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի («հեղափոխության պահապանի») միջեւ իշխանության համար մղվող պայքարը քայքայում է ռեժիմը, որն արդեն կորցրել է լեգիտիմությունը սեփական ժողովրդի աչքում: Արաբական գարունն իր ժողովրդավարական իդեալներով նույնպես Իրանին զրկել է մահմեդականների համար իսլամիզմի տիպարի կարգավիճակից: Արաբական աշխարհում Իրանի միակ դաշնակիցը' Սիրիան, քաղաքացիական պատերազմի վիճակում է:
2009 թվականին' Թեհրանում իսլամիստների իշխանության գալուց երեք տասնամյակ անց, իրանական ժողովուրդը փողոց դուրս եկավ: Այդ մարդիկ գիտեին, որ մոլորություններին վերջ է տրված: Թեեւ իշխանությունը ջախջախեց «կանաչ շարժումը», ներսից ռեժիմի նեխման գործընթացը շարունակվում է:
Նախագահ Օբաման եւ Արեւմուտքի մյուս ղեկավարները կարող են այդ դանդաղ անկումն արագացնել հանգիստ, բայց հաստատակամ քաղաքականության օգնությամբ, որը այն որպես Խորհրդային Միության դեմ պայքարի միջոց ստեղծած ամերիկացի դիվանագետ Ջորջ Քենանն անվանում էր «զսպման ռազմավարություն»: Նրանք պետք է առավել ակտիվորեն Իրանից պահանջեն թափանցիկություն եւ տեսուչների մուտք միջուկային օբյեկտներ, որպեսզի ստիպեն ռեժիմին' խոստովանելու իր նկրտումները: Նրանք կարող են օգտագործել գաղտնի միջոցներ, ինչպես օրինակ Stuxnet համակարգչային որդը' կասեցնելու իրանական միջուկային ծրագրի զարգացումը:
Իրանի վրա ռազմական հարձակումները կամ ծայրահեղ խիստ պատժամիջոցները միայն կամրապնդեն ռեժիմը: Մինչդեռ «խելացի» պատժամիջոցները, որոնք էկոնոմիկային կխփեն այնպես, որ իրանցիները հետագայում դրանում մեղադրեն իրենց ղեկավարներին, կարող են արդյունք տալ: Երկրում արդեն աճում են կոռուպցիան եւ ինֆլյացիան:
Այդօրինակ համբերատար եւ հաստատակամ քաղաքականությունը կարող է կանխել պատերազմը եւ, հնարավոր է, հանգեցնի սին գաղափարների ավազի վրա կառուցված ռեժիմի անկմանը: