Հարցազրույց

Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ

6 րոպեի ընթերցում

Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

-Պարոն Նախագահ, կխնդրեի ներկայացնեք ձեր տպավորությունները Գավառի բժշկական կենտրոնի վերաբերյալ:

-Բնականաբար, տպավորությունը շատ լավն է, ինքներդ տեսաք, եւ արդեն ասվեց, որ սա 7-րդ բժշկական կենտրոնն է, որ բացվում է վերջին 2 տարիների ընթացքում: Եվ հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրու ամենամեծ կենտրոնը եւ կսկսենք եւս վեց կենտրոնների շինարարություն: Բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարեւորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի,այլ նաեւ հասանելիության հարց է, նաեւ հարմարավետության հարց: Բնականաբար, գավառցին կցանկանա, եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի է այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք, մանավանդ, որ բժիշկները եւս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետեւ առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներով աշխատել: Սա «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրի մի մասն է, կարեւոր բաղկացուցիչը, սակայն միայն առողջապահության բնագավառում չենք սահմանափակվում: Կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախ լինենք` մի կողմից, մյուս կողմից` ակնկալիքները պետք է ավելի շատ լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մատուցենք, դարձնենք ավելի հասանելի: Մեր բժշկներըն ասում են, որ այստեղ կան սարքավորումներ (միգուցե մի քիչ չափազանցնում են), որ Երեւանի շատ հիվանդանոցներում չկան: Սա արդեն ուրախալի է:

-Սահմանին կրկին անհանգիստ էր վերջերս: Կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

-Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որ այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի: Մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, եւ այդ կորուստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, ու նաեւ նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետեւ մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ է: Այս բանը բոլորը պետք է հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի:

-Ինչի՞ վրա է հիմնված այդ համոզմունքը:

-Որովհետեւ դա մեր ցանկությունն է, որովհետեւ տրամաբանությունը դա է հուշում, որովհետեւ մարդկային բանականությունը դա է պահանջում: Ամեն ինչ լավ է լինելու: Մի կասկածեք: Գիտեք, որպեսզի որեւէ խնդիր լուծվի մենք պետք է ցանկություն ու համոզմունք ունենանք: Եթե չունեցանք համոզմունքը, եթե նպատակ չունեցանք, խնդիր լուծել չենք կարողանա:

-Պարոն Նախագահ, մեկ հարց ներքաղաքական թեմաներից: Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությունը արեց. հրապարակավ դիմելով Ձեզ` ազատ, արդար ընտրությունների առաջարկ արեց: Կուզենայինք իմանալ Ձեր արձագանքը:

-Մինչ այդ հարցին պատասխանելը կուզենայի ասել, որ քիչ առաջ եղանք նաեւ մեկ այլ բժշկական կենտրոնում, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները: «Արաբկիր» առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որտեղ խրոնիկ հիվանդություններ, մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը: Եվ գիտեք` մեկ շաբաթ հետո նշվելու է հաշմանդամների միջազգային օրը եւ սա շատ լավ ազդակ է մեր հանրությանը` կարեւորելու հաշմանդամների նկատմամբ մեր վերաբերմունքը:

Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, ապա պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով, եւ ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ ընտրական պրոցեսները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը: Ինչպես գիտեք, մենք թափ ենք հավաքում, եւ մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները` ե’ւ նախագահական, ե’ւ խորհրդարանական միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպտատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի, այսինքն` դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, եւ հենց այդ պատճառով էլ մենք բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքի մեջ, որոնք արժանացան մեր եվրոպական, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն` մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաեւ կոնկրետ գործողություններ ենք կատարում: Կարծում եմ` այդ հայտարարության նպատակն ուղղակի սեւացնելն ու այդ գործընթացին վնասելն է, բայց ես կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու, եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական պրոցեսները` հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատակնին, որովհետեւ իրենք իրավունք չունեն գնահատական տալու, իրենց կարծիքին: Չնայած, հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը` մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, եւ, կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն դրանում համոզվելու: Ամեն ինչ նորմալ է լինելու, բայց չնայած դրան` գիտեք` մենք երեկ պատասխանեցինք պարոն Հովհաննիսյանի նամակին, եւ մեր կարծիքը հրապարակավ հայտնեցինք: Շնորհակալություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում